Վենեսուելայում ուղղաթիռը գրոհել է Գերագույն դատարանի շենքի վրա
Advertisement 1000 x 90

Վենեսուելայում ուղղաթիռը գրոհել է Գերագույն դատարանի շենքի վրա

Ուղղաթիռով գրոհել են Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքի վրա: Հունիսի 27-ին այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն:

«(Ուղղաթիռից) այդ մարդը նետել է մի քանի նռնակներ, որոնք չեն պայթել: Գերագույն դատարանի շենքում տեղի էր ունենում միջոցառում: Դա կարող էր հանգեցնել տասնյակ զոհերի»,- ասել է Մադուրոն ազգային հեռուստատեսության եթերում: Նրա խոսքով՝ «ուղղաթիռը գնդակոծել է Գերագույն դատարանի շենքը, իսկ այնուհետև թռել ներքին գործերի նախարարության շենքի վրայով»: «Ես դատապարտում եմ այս ահաբեկչական գործողությունը և պահանջում եմ, որ «Ժողովրդավարական միասնության դաշինքը» (ընդդիմադիր կոալիցիան) դատապարտի այդ հարձակումը»,- հավելել է նա:

Կապի և տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլիեգասի խոսքով՝ հարձակման ընթացքում գործի է դրվել ոստիկանությունից գողացված ուղղաթիռը: Տեղական զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ թռիչքի ժամանակ թռչող ապարատը վարողները դրանից կախել են պլակատ «ազատություն 350» մակագրությամբ:

Ուժային կառույցների հատուկ ստորաբաժանումները որոնում են գնդակոծման կազմակերպիչներին ու մասնակիցներին:

Գերագույն դատարանի վրա ձեռնարկված գրոհից հետո զրահատեխնիկա է դուրս բերվել Կարակասի փողոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: