Երևանում ամառը հագեցած կլինի հետաքրքիր ու բազմաոճ բացօթյա համերգներով և կինոցուցադրություններով
Advertisement 1000 x 90

Երևանում ամառը հագեցած կլինի հետաքրքիր ու բազմաոճ բացօթյա համերգներով և կինոցուցադրություններով

Երևանյան ամառը երաժշտական բոլոր ուղղությունների սիրահարներին հնարավորություն կտա բաց երկնքի տակ ունկնդրել իրենց սիրած երաժշտությունը և դիտել իրենց նախընտրած կինոնկարները: Հուլիսի 2-ից օգոստոսի 26-ը յուրաքանչյուր շաբաթ և կիրակի Երևանի տարբեր հրապարակներում, այգիներում և պուրակներում Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Տապ չկա» կարգախոսի ներքո տեղի կունենան ռոք, ջազ, փոփ, ֆոլկ համերգներ, ինչպես նաև բացօթյա կինոցուցադրություններ: Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին նախաձեռնության հեղինակներն ու աջակիցները:

«Այս խելահեղ նախաձեռնությունը պատկանում է ՀՀ մշակույթի նախարարության երիտասարդ աշխատակիցներին: Ամառային, գունեղ ծրագիր է սպասում բոլորիս: Ընդգծեմ, որ բավականին ծախսատար միջոցառում է, սակայն մեզ օգնում են մեր աջակիցները, որոնց թիվը, հուսամ, կմեծանա: Սա արվում է քաղաքի կյանքը տոն դարձնելու համար»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ծրագրի հեղինակ Շողակաթ Մլքե-Գալստյանի խոսքով` նախաձեռնության նպատակը քաղաքի երաժշտական ճաշակը փոխելն է: «Համերգներին հնչելու են ռոք, փոփ, ջազ, ֆոլկ:  Ցուցադրվելու են այն կինոնկարները, որոնք մեծ ջանքերով նկարահանվել են տարվա ընթացքում: Ուզում ենք դրանք հասանելի դարձնել հանրության լայն շրջանակին»,- ասաց նա:

Շողակաթը հավելեց, որ սա վարակիչ նախաձեռնություն է, որը դուր է գալիս բոլորին, և իրենք ձգտում են շաբաթ, կիրակի օրերը հետաքրքիր անցկացնելու մշակույթ ձևավորել:

Համերգները տեղի կունենան Կասկադի հարակից տարածքում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Կարապի լճի մոտ, իսկ կինոցուցադրություններ կկազմակերպվեն Սիրահարների, Թումոյի այգիներում, Գայի արձանի հարակից տարածքում:

Նախաձեռնության նպատակներից մեկը մեր ժամանակներում գործող երաժշտական խմբերին ներկայացնելը, նրանց ստեղծած մշակութային արժեքները հասանելի դարձնելն է:

armenpress.am