Պարուհի Արմինե Մանուկյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Կայարան» հեռուստասերիալում, Կատարում է: Նա մեկնել է հատուկ նպատակով, որի մասին կիսվել է Life.panorama.am-ի հետ զրույցում:
«Վերջերս Դուբայում ապրող իմ շատ լավ ընկեր Հարութ Սոլակյանից գործնական առաջարկ ստացա մեկնել Կատար ու մասնակցել այնտեղ կայանալիք ֆեստիվալին: Իհարկե սիրով համաձայնեցի ու հիմա այստեղ եմ: Ի դեպ՝ նշեմ, որ անչափ ուրախ եմ իմ կյանքում Հարութին ունենալու համար, նրան արդեն չորս տարի է, ինչ ճանաչում եմ և այդ տարիների ընթացքում բազում շրջագայություններ ենք ունեցել, որոնք մշտապես հաջող են անցել: Նա ոչ միայն լավ մասնագետ, այլև՝ լավ մարդ ու ընկեր է, ինչը մարդու կարևոր հատկանիշն է»,- պատմեց պարուհին:
Կատարի ֆեստիվալին մասնակցելու համար Արմինեի հետ մեկնել են ևս յոթ պրոֆեսիանալ պարողներ: Մեր պարողներն այնտեղ կներկայացնեն «Հազար ու մի գիշեր» պարային ներկայացումը, որտեղ Արմինեն մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ Շահրեզադային:
«Ֆեստիվալին մասնակցում են բացառապես տեղացի մասնագետներ, միայն մենք ենք, որ այլ երկիր ենք ներկայացնում: Պետք է ասեմ, որ նրանց հետ շփումը բավականին հետաքրքիր է կայանում, մեր միջև չկա անգամ թեթև լարվածություն: Ի դեպ՝ սա մեր առաջին այցը չէ Կատար: Հարութի միջոցով պատահել է, որ անգամ մեկ ամսով Դուբայ ենք մեկնել: Մենք՝ հայերս, շատ աշխատասեր ենք, նրանք սիրում են մեր գործելաոճը, քանի որ կարողանում ենք կարճ ժամանակում որակյալ աշխատանք ներկայացնել: Այս իսկ պատճառով նրանք գերադասում են մեզ հետ աշխատել»,- նկատեց պարուհին:
Աշխատանքից զատ, Արմինե Մանուկյանը կփորձի նաև հանգստանալ.
«Ներկայացումը սկսվում է երեկոյան, այնպես որ օրվա ընթացքում ազատ ժամանակ ունենում եմ: Այստեղ ջերմաստիճանը 45 աստիճան է, ցերեկը դուրս գալն ու զբոսնելը անհնար է, դրա համար հիմնականում հյուրանոցում ենք հանգստանում, սակայն մինչ մեկնելս հաստատ կհասցնեմ նաև ծով գնալ»,- նշեց նա:
Արմինեն Կատարում կլինի մեկ շաբաթ: Ի դեպ՝ մեկնելուց առաջ դերասանուհին նկարահանվել է իրեն հատկացված տեսարաններում, այնպես որ «Կայարանի» հետևորդները նրա բացակայությունը չեն զգա: