Օրերս գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը տասը տարի անց կրկին մեկնել է Արցախ: Life.panorama.am–ի հետ զրույցում Լուսինեն պատմեց այնտեղ անցկացրած անմոռանալի հանգստի մասին.
«Չեմ էլ հասկանում, թե ինչպես ստացվեց, որ ուղիղ տասը տարի պարզապես չէր հաջողվում գնալ Արցախ, բայց երևի ամեն ինչ իր ժամանակն ունի: Հետաքրքրականն այնն էր, որ այս անգամ էլ առանձնապես հատուկ պատրաստություն կամ նախապես պլանավորում չի եղել, պարզապես ամուսնուս աշխատանքային ընկերներով ամեն տարի հավաքույթ են կազմակերպում և այս անգամ էլ որոշել էին այն անցկացնել հենց Արցախում: Ես էլ, այդ իմանալուն պես, անմիջապես ցանկություն հայտնեցի միանալ նրանց»,- նշեց Լուսինեն ու շարունակեց.
«Ընդամենը երեք օր ենք այնտեղ եղել, բայց բավականին հագեցած օրեր ենք ունեցել: Արցախը գուցե այնքան էլ մեծ չէ, բայց մի քանի օրում տեսնել այն բոլոր հրաշք վայրերը, որոնք կան այնտեղ, ուղղակի անհնար է: Մենք եղանք Գանձասարում, որը ինձ համար պարտադիր այցելելու վայրերից է համարվում, նաև գնացինք Հունոտի կիրճը, որն առավել հայտնի է «зонтик»-ներ անունով: Արցախի բնությունը անփոխարինելի է, այնտեղ հզոր մի էներգիա կա, որը համակում է յուրաքանչյուրին, ով թեկուզ մի քանի ժամով հայտնվում է այդ հողի վրա: Իհարկե, մենք չհասցրեցինք վայելել Արցախի բոլոր բարիքները, բայց հուսամ, որ հաջորդ այցս շատ չի ուշանա»,- հավելեց նա:
Խոսելով արցախցիների մասին՝ Լուսինեն նկատեց.
«Շատ չեմ շփվել նրանց հետ, բայց երկար պետք չէ շփվել, որպեսզի հասկանալ, թե նրանք որքան հյուրընկալ են: Նրանք յուրահատուկ խառնվածք ունեն, անմիջապես հյուրասիրություն են փորձում կազմակերպել քեզ համար: Հաճելի է, երբ ամեն քայլափոխի տեսնում ես ժպիտով մարդկանց, դա մի տեսակ վարակիչ է»:
Ի դեպ՝ հետաքրքրվելով, թե Լուսինե Թովմասյանը որտե՞ղ է պատրաստվում ամառային հանգիստն անցկացնել, գեղեցկուհին նշեց.
«Քանի որ մեր աղջիկը դեռ շատ փոքրիկ է՝ ընդամենը 2.5 տարեկան, ուստի մեր հանգիստը կազմակերպում ենք այնպես, որպեսզի ամեն բան իրեն հարմար լինի: Ես ու ամուսինս որոշել ենք այս տարի մեկնել Հունաստան, կարծում եմ՝ այնտեղ փոքրիկն էլ հաճույք կստանա, մենք էլ: Հավանաբար օգոստոսին կմեկնենք, իսկ մինչ այդ կփորձենք վայելել Հայաստանի գեղատեսիլ վայրերն ու երեւանյան ամառային երեկոները»: