Դերասանուհի Էմմա Մանուկյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է:
Արդեն երկու օր է, ինչ հեռուստադիտողը հետևում է «Դեպի վայրէջք» բազմասերիանոց ֆիլմի զարգացումներին, որտեղ Էմման մարմնավորում է գլխավոր հերոսուհուն: Մեզ հետ զրույցում դերասանուհի պատմեց հեռուստասերիալի նկարահանումների ընթացքի մասին, ինչպես նաև անդրադարձավ անկողնային տեսարաններին, որոնք մեծ քննարկումներ առաջացրին հանրության շրջանում:
«Այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացա Ելենա Արշակյանից, ու քանի որ նրա հետ արդեն իսկ երկու նախագծի շուրջ հաջող համագործակցություն էի ունեցել, երկար չմտածեցի և ուրախությամբ ընդունեցի առաջարկը: Մեծ նշանակութուն ունեցավ նաև այն, որ թիմին ծանոթ էի, գիտեի սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանի կարողությունները: Ի դեպ, շատ կարևոր էր, որ ֆիլմի սցենարը հենց սկզբից ամբողջությամբ պատրաստ էր: Ես ամբողջ սցենարը մեկ գիշերում կարդացի և անմիջապես մեծ ոգևորությամբ լցվեցի. հերոսուհիս շատ հետաքրքիր էր, ես դեռ հնարավորություն չէի ունեցել նման կերպարով հանդես գալու»,- նշեց Էմման:
Խոսելով ֆիլմի գլխավոր թեմայի՝ թրաֆիքինգի մասին, դերասանուհին նկատեց.
«Սա շատ կարևոր խնդիր է, որի մասին շատերը վախենում են խոսել: Ֆիլմում այդ երևույթը հակառակ կողմից է ներկայացված, ավելի շատ ցուցադրվում է ոչ թե թրաֆիքինգի ժամանակ այդ կնոջ՝ տվյալ դեպքում իմ հերոսուհու, հոգեվիճակը, այլ թե ինչպես է զարգանում նրա ճակատագիրը այդ խնդրից հետո, ցուցադրվում է նաև հասարակության ընկալումը և նրանց վերաբերմունքը:
Կարծում եմ՝ սա նաև դաստիարակչական կլինի, քանի որ տրված է հասարակության և տվյալ աղջկա բախումը: Ընդ որում՝ հասարակության մեջ մտնում է ամուսինը, սկեսուրը, հարազատ քույրը և առհասարկ մտերիմները: Այսինքն՝ խնդիրը միայն հանրային ընկալման մեջ չէ, այլ այն կարևոր գործոնի, որ անգամ հարազատներն են դժվար կարողանում ընկալել»:
Էմմա Մանուկյանի խոսքով՝ նա իր մարմնավորած յուրաքանչյուր կերպարի պատկերացնում է ու վերարտադրում.
«Միշտ ասել եմ՝ ես կերպար չեմ կերտում: Ինձ համար նրանք կան, գոյություն ունեն և ես ասես մտնում եմ նրանց մեջ: Այս կերպարն էլ հենց սկզբից տեսա իմ առաջ ու ներկայացրի, իսկ արդյունքների մասին թող դատի հեռուստադիտողը»,- նշեց նա ու հավելեց.
«Սա շատ բարդ կերպար էր՝ հոգեբանական անչափ բարդ տեսարաններով: Նկարահանումներն ավարտված են, բայց ինձ մինչև հիմա դժվար է հետ գալ նախկին հոգեվիճակ: Նկարահանումների երեք ամիսների ընթացքում շատ ծանր ապրումների ու սթրեսների միջով եմ անցել»:
Անդրադառնալով «Դեպի վայրէջք»-ում տեղ գտած անկողնային տեսարաններին և խոսելով հանրության բուռն արձագանքներից՝ Էմմա Մանուկյանը նշեց.
«Որպես այդպիսին՝ այս ֆիլմում ես բաց տեսարան չեմ ունեցել, միայն մեկ համբույրի տեսարան է եղել Սարգիսի հետ և վերջ, դրա համար էլ երևի հանրության քննարկումներն իմ կողքով են անցել: Ինչ վերաբերվում է առհասարակ երևույթին, կարծում եմ, մարդիկ այլ թեմա չունեն, դրա համար էլ դա են քննարկում:
Երբ բուռն արձագանքի արժանացավ ֆիլմի անոնսը, ես պարզապես զարմացա, որ մարդիկ չէին նկատել այդ անոնսի հետաքրքր դրվագները, փոխարենը՝ կենտրոնացել էին բաց տեսարաններով միկրոկադրերի վրա ու օրերով խոսում էին այդ մասին: Հավատացեք՝ այդ փոքրիկ անոնսում զգացվում է դերասանական հետաքրքիր աշխատանք, ու եթե դա չի նկատվում, ապա մեկնաբանություն ուղղակի չեմ ուզում տալ, քանի որ պատասխանը չունեմ:
Գուցե ժամանակ է պետք, որպեսզի մեր հեռուստադիտողի աչքը սովորի, միշտ էլ առաջին քայլերը դժվարությամբ են ընդունվում: Ի դեպ՝ ընդգծեմ, որ ինքս ներկա եմ եղել խաղընկերներիս մասնակցությամբ բաց տեսարաններին և պետք է ասեմ, որ դրանցում գռեհիկ կամ հակաէսթետիկ ոչինչ չկա, ամեն ինչ արված է շատ գեղեցիկ ու գլխավորը՝ չափի մեջ:
Ի վերջո, եթե ֆիլմը թրաֆիքինգի մասին է, ապա ավելի ծիծաղելի կլիներ այդ տեսարանների բացակայությունը, քան ներկայությունը: Եթե ֆիլմի բովանդակությունը պահանջում է նաև կյանքի այդ կողմը, ապա դրանից խուսափելը պրոֆեսիոնալ չի լինի: Ու հարկավոր չէ մտածել, որ բոլոր ֆիլմերը պետք է ընտանեկան դիտման համար նախատեսված լինեն»: