Սևանա լճի տարածքում գործող ծառայությունների մատուցման լողափերի թիվը մեկով կավելանա: Լրագրողների հետ հանդիպմանը Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանն ասաց, որ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ այդ լողափերն անընդհատ գերծանրաբեռնված են աշխատում:
«Նոր լողափը մակերեսով ամենամեծը կլինի, որի նախահաշվային փաստաթղթերն ու քաղաքաշինության նախարարության կողմից տրված դրական եզրակացությունը պատրաստ են, մնացել է գումարների հայթայթումը, որով հիմա զբաղվում ենք: Լողափի կառուցման միայն առաջին փուլի աշխատանքները 109 միլիոն դրամ կարժենան»,- ասաց նա:
Աշոտ Ավալյանի խոսքով` հանրային լողափերի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են և հուլիսի մեկին դրանք պաշտոնապես կբացվեն:
«Ծառայություններ մատուցող լողափերը իրենց մեջ ներառում են անվճար բուժսպասարկում, մանկական ժամանցի վայրեր, անվճար հանգստի գոտիներ: Այդ լողափերում բացի սննդի հետ կապված ծախսերից, բոլոր ծառայություններն այս տարի ևս կլինեն անվճար»,-ասաց հանրային լողափերի պատասխանատուն:
Սևանի շրջակայքում սփռված լողափերի թիվը 11-ն է, որոնցից 3-ը ծառայությունների մատուցման լողափեր են, 8-ը նախատեսված են կարճատև հանգստի համար: