Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությունից հետո, որի ժամանակ որոշ տեխնիկական խնդիրներ էին առաջացել, կարծիքներ են տարածվել, թե կազմակերպիչներ Հայկ Շահբազյանն ու Աննա Կարոլինան դադարեցրել են իրենց համագործակցությունն ու անձնական հարաբերությունները: Սակայն Life.panorama.am-ի հետ զրույցում փարիզաբնակ Աննա Կարոլինան շեշտեց, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ավելին՝ նրանք այս պահին համատեղ նոր աշխատանքներով են զբաղված:
«Մարդիկ սիրում են տարատեսակ ասեկոսեներ տարածել, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Ես և Հայկը շարունակում ենք մեր համագործակցությունը, մենք նաև ընտանիքներով ենք շատ մտերիմ, այնպես որ, այդ խոսակցություններն ավելորդ են: 2018-ին կկայանա «Armenian Europe Music Awards Paris» մրցանակաբաշխությունը, ընդ որում մենք արդեն իսկ վարձակալել ենք դաhլիճը: Դրանից զատ, մենք համատեղ զբաղված ենք տարբեր համերգների կազմակերպմամբ, որոնք նաև Հայաստանում կկայանան»,- նշեց Աննան:
Մեզ հետ զրույցում Աննա Կարոլինան տեղեկացրեց, որ իր և Հայկ Շաhբազյանի փրոդաքշենները համատեղ ևս մեկ աշխատանքով են զբաղված.
«Այս պահին դեռևս բանակցություններ են տարվում, բայց արդեն իսկ կան հստակ քայլեր ֆիլմի ուղղությամբ: Այստեղ կնկարահանվի ֆիլմ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Դեռևս չեմ ուզում փակագծեր բացել, քանի որ ամեն ինչ խմորման փուլում է: Միայն նշեմ, որ այն հետաքրքիր է լինելու ոչ միայն սյուժեով, այլև՝ դերասանական կազմով. Ներգրավված կլինեն ոչ միայն հայ, այլև օտարերկրացի հայտնի դերասաններ և մասնագետներ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Աննա Կարոլինայի և Հայկ Շահբազյանի նախաձեռնությամբ՝ առաջիկայում Երևանում կկայանա Ֆրանսիայում հայտնի հայ երգիչ, 16-ամյա Րաֆֆի Արտոյի մենահամերգը.
«Րաֆֆիի հետ շատ մտերիմ ենք, նա շատ տաղանդավոր տղա է, որում համոզվել են ոչ միայն հանդիսատեսը, այլև՝ մասնագետները: Երբ նա փոքր է եղել, մայրը տարբեր մասնագետների մոտ է նրան տարել, որպեսզի կարողությունները զարգանա, սակայն գրեթե տասը մասնագետ պարզապես հրաժարվել են նրան վերցնել՝ բացատրությամբ, որ նա անթերի տվյալներ ունի և սովորելու կարիքը չունի: Ի դեպ՝ շնորհակալ եմ Րաֆֆիին, քանի որ վերջերս որդուս առաջին տարեդաձի կապակցությամբ գեղեցիկ երգ կատարեց, նաև շնորհակալ եմ Գևորգ Սիրեկանյանից, ով անականկալ երգ նվիրեց տղայիս հենց իր անունով՝ «Լեո»: Այժմ ես ու Հայկ Շահբազյանը մտածում ենք, թե ինչպես կազմակերպենք Րաֆֆի Արտոյի Երևանի մենահամերգը, որը, վստահ եմ, շատ սպասված է: Ի դեպ՝ Րաֆֆիի համերգային ծրագիրը նաև արտերկիր կտանենք»,- մանրամասնեց Աննա Կարոլինան:
Նրա խոսքով՝ «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխությունից հետո իրեն նվիրել է փոքրիկին, իսկ հիմա կրկին ակտիվ աշխատանքի կանցնի.
«Երբ բալիկիս էի սպասում ու դրան զուգահեռ նաև զբաղվում էի մրցանակաբաշխության աշխատանքներով, ծիծաղելով ասում էի, թե երկու բալիկի եմ սպասում, որովհետև իմ ողջ ուշադրությունը այդ երկու կողմին էի նվիրել: Հետո, երբ բալիկս ծնվեց, մայրս նրա խնամքով ավելի շատ էր զբաղվում, քանի որ ես շարունակում էի ողջ ուժերս կենտրոնացնել մրցանակաբաշխության վրա: Իսկ, երբ այն կայացավ, մի որոշ ժամանակ ինձ ամբողջությամբ նվիրեցի տղայիս, ավելի շատ զբաղվեցի իրենով ու նաև կազմակերպեցի տղայիս 1-ամյակը, որը բավականին ուրախ անցավ: Ի դեպ՝ շնորհակալ եմ բոլոր ներկաներին, քանի որ նրանց շնորհիվ ամեն ինչ անցավ իմ պատկերացրածի նման: Հիմա, երբ հասցրեցի հանգստանալ և նորից ուժեր կուտակել, կանցնեմ նոր աշխատանքների իրականացմանը»,- նկատեց Աննան: