Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը 2017 թ. մայիսի 10-ից հունիսի 5-ը պեղումներ է իրականացրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում: Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվական բաժնից, պեղումների արդյունքում բացվել են եկեղեցու հիմքերը։
«Տեղեկություն կար, որ 1960-ականներին քանդվելուց հետո ասֆալտի տակ պահպանվել են եկեղեցու հիմնապատերը: Այս փաստը ճշտելու համար իրականացվեցին պեղումներ: Եկեղեցու վերաբերյալ պատմական տվյալներ մեզ հասել ենՄակար եպիսկոպոս Բարխուդարյանցի շնորհիվ։ Պեղումների արդյունքում բացվեցին եկեղեցու հիմնապատերը, ինչը որոշհատվածներում հասնում է մոտ մեկ մետր բարձրության: Հաջողվել է բացել նաև երկու մուտքերը՝ հարավային ևարևմտյան կողմերից, ինչպես նաև Մակար Բարխուդարյանցի հիշատակած չորս սյուներից մեկի հիմքը: Այս ամենովհաստատվում են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մասին մեզ հասած բանավոր ու գրավոր տեղեկությունները»,-նշել է արշավախմբի ղեկավար, ծառայության փոխտնօրեն Նժդեհ Երանյանը:
Ըստ պատմական աղբյուրների` Մեղրեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1833 թվականին Մահտեսի Հախումյանի ծախսերով, Շուշիի վերին մասի համանուն թաղում։ Այդ մասին ժամանակին որոշ տեղեկություններ էր հաղորդել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, ով հայտնի է Արցախի և շրջակա գավառների հայության բազմադարյան պատմության, կենցաղի և պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության բնագավառում ունեցած անգնահատելի ավանդով։
1960-ական թվականներին քանդված եկեղեցու տեղում գործել է բացօթյա կինոթատրոն (պահպանված արևելյան պատն էլ, հավանաբար, ծառայել է որպես էկրան) և մոտակա հանգստյան գոտու այցելուների ու զբոսաշրջիկների համար ծառայել որպես ժամանցի վայր։ Պահպանվել են նաև եկեղեցու խորանը և բեմը։ Զանգակատունը եռահարկ էր՝ սրբատաշ քարից։ Ութանկյուն ռոտոնդայի նման մի փոքրիկ զանգակատուն էլ գտնվում էր եկեղեցու տանիքի մեջտեղում։
Մեղրեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու աղոթասրահը (24,75×12,77մ) ուղղանկյուն ծավալատարածական հորինվածք է ունեցել։ Թաղակապ կամարները հանգում էին սրահի կենտրոնի չորս սյուների և երկայնական պատերի վեց որմնասյուների վրա։ Հարավային և արևմտյան կողմերից ունեցել է երկու դուռ և 10 լուսամուտ։ Հարավային դռան ճակատային քարի վրա եղել է եկեղեցու կառուցման վերաբերյալ արձանագրություն:
Ըստ Նժդեհ Երանյանի` վերջերս իրականացված պեղումների արդյունքում եկեղեցու հայտնի արձանագրությունը չի գտնվել, 4 սյուներից միայն մեկն է հայտնաբերվել, սակայն բացված հիմքերը կասկած անգամ չեն թողնում, որ դրանք հենց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցու վկայություններն են։
Այս պեղումների արդյունքում Շուշիի հուշարձանների թիվը համալրվում է ևս մեկ կարևոր պատմամշակութային կոթողով։