Գաղտնիքը, թե ինչու են Վրաստանում բազմաթիվ բժշկական ծառայությունների, մասնավորապես ստենտավորման գներն ավելի ցածր, քան Հայաստանում, պետական դոտացիաներն են։ Այս մասին հայտնել է առողջապահւթյան նախարար Լևոն Ալթունյանը ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ։
Նրա խոսքով Վրաստանում պետական դոտացիաներ կան՝ թե ուռուցքաբանական, թե սրտանոթային հիվանդությունների բուժման համար։ «Այդ դոտացիաների մի մասը, որոշ դեպքերում ոչ այնքան օրինական միջոցներով տարածվում են նաև Հայաստանի քաղաքացիների վրա։ Ամեն դեպքում, հիվանդանոցները շահագրգռված են նման հիվանդներ ընդունելու հարցում։ Դա է գների տարբերության հիմնական գաղտնիքը, եթե չհաշվենք, որ այնտեղ դեղերի վրա ԱԱՀ չկա ու ավելի ազատական օրենսդրություն է դեղագործական ոլորտում։ Դա հանգեցնում է նրան, որ շուկան հեղեղված է կեղծ դեղերով, այնպես որ այդ մասով Վրաստանի փորձն այդքան էլ դրական չէ»,- ասել է նա։
Լևոն Ալթունյանը հավելեց, որ Վրաստանի առողջապահության բյուջեն վերջին մի քանի տարիներին աճում է տարեկան 120 մլն լարիով (60 մլն դոլարով)։ «Վերջին երեք տարիներին Վրաստանի առողջապահական բյուջեի աճը հավասար է Հայաստանի մեկ տարվա առողջապահական բյուջեին»,- ասել է նախարարը։