Մոսկվաբնակ պարուհի և հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանի ընտանիքն այս օրերին վայելում է իր ծովափնյա հանգիստը, որի մանրամասներով ու լուսանկարներով պարուհին կիսվել է Life.panorama.am-ի հետ:
Մարինան ընտանիքի հետ միասին գտնվում է Բուլղարիայում:
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ Բուլղարիայում ենք: Ես ու ամուսինս շատ ենք հավանում այստեղի կլիման, ծովն ու լողափն էլ ուղղակի հրաշալի է: Հավատացնում եմ, որ սա ընտենական հանգստի կազմակերպման համար լավագույն վայրերից է»,- նշեց նա:
Պարուհու ընտանիքում բոլորն էլ ակտիվ հանգստի սիրահար են:
«Մենք ակտիվ հանգստի կողմնակից ենք, բայց ակտիվությունը ցուցաբերում ենք այնքանով, որքանով հնարավոր է փոքրիկների հետ: Մենք չենք սահմանափակվում ծովում լողալով, արևայրուք ընդունելով ու լողավազան այցելելով, այցելում ենք նաև տեղի հետաքրքիր վայրերը, գնում հարակից մյուս քաղաքների տեսարժան վայրեր ևս: Օրինակ՝ հասցրել ենք գնալ Նեսսեբիր քաղաք, այն մեզ համար նորովի բացահայտեցինք, քանի որ անցյալ տարի, երբ կրկին այստեղ էինք, չէինք հասցրել ամբողջութամբ շրջել: Մենք ապրում ենք Պոմորիե քաղաքում, որը բաժանված է հին և նոր հատվածների: Մենք գտնվում են նոր հատվածում, բայց հաճախ ենք գնում դեպի հին քաղաք, որտեղ շատ հետաքրքիր է զբոսանքի համար: Քաղաքն անմիջապես ծովեզրին է, ինչը առավել գեղեցկացնում է տեսարանը: Ի դեպ՝ այստեղ մարդիկ շատ բարյացկամ են, ունեն շատ համեղ ծովամթերքներով հարուստ խոհանոց: էլ չասեմ, որ այստեղ ամեն երեկո փոքրիկ համերգներ ու դիսկոտեկներ են կազմակերպում, որը ավելի գունեղ է դարձնում զբոսաշրջիկների հանգիստը»,- պատմեց նա:
Մարինայի խոսքով՝ փոքրիկներն իրենց հրաշալի են զգում, սիրում են լողալ, ժամերով խաղալ, ավազե ամրոցներ պատրաստել, որոնք, սակայն, ավարտին հասցնել չի հաջողվում, քանի որ որդին սիրում է ջրով լի դույլով դրանք անմիջապես քանդել:
Մարինա Մարտիրոսյանի ընտանիքը Բուլղարիայում երեք շաբաթ կանցկացնի, որից հետո կվերադառնա Մոսկվա, իսկ արդեն հուլիսին կգա Հայաստան.
«Այս տարի Հայաստան կգանք հուլիսի կեսերին: Հիմա Բուլղարիայում մի լավ վիտամին D-ի պաշար կհավաքենք, ինչի կարիքը ողջ տարին զգում ենք Մոսկվայում, հետո էլ կգանք հայրենիք՝ մնացած բոլոր վիտամինները հավաքելու՝ որպես ձմռան պաշար»,- ժպիտով ավատեց պարուհին: