Իրաքի շրջաններից հուլիսի 1-ին կմոտենա հերթական արևադարձային տաք օդի ալիքը: Հանրապետության տարածքում հուլիսի 1-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ: Երևանում այսօր կանխատեսվում է մինչև 35, վաղը Արարատյան դաշտում և մայրաքաղաքում, Սյունիքի, և Տավուշի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 36 աստիճան տաքության: Հուլիսի 3-ին ջերմաստիճանը կհասնի 38-ի, հուլիսի 4-ին և 5-ին ջերմային ալիքը կհասնի իր բարձրակետին, և ջերմաչափը ցույց կտա 39-40 աստիճան»,- ասաց նա:
Սուրենյանի խոսքով` հուլիս ամսվա ողջ ընթացքում օդի միջին ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձր կլինի կլիմայական նորմայից: «Երևանում առանձին օրերին տաք օդային ալիքի ժամանակ ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի: Արարատում, Արմավիրում, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կհասնի 32-35 աստիճանի: Գյումրիի հատվածում չի բացառվում մինչև 37 աստիճան տաքություն»,-ասաց նա:
Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ Լոռու մարզում առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 32-36 աստիճանի, Տավուշում կանխատեսվում է 36-39 աստիճան: Սյունիքի մարզի հովտային գոտիներում կանխատեսվում է 39-41, նախալեռնային շրջաններում` 30-34 աստիճանի:
Գագիկ Սուրենյանը ազգաբնակչությանը կոչ արեց ցերեկային ժամերին չմնալ արևի տակ:
armenpress.am