Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել միասեռ ամուսնությունների օրինագծին: Ինչպես հայտնել է Deutsche Welle-ն, փաստաթուղթն ընդունվել է ձայների մեծամասնությամբ. «կողմ» է քվեարկել 393 պատգամավոր, «դեմ»՝ 226-ը, չորս պատգամավորներ ձեռնպահ են մնացել:
Օրինագծի համաձայն, սեռական փոքրամասնության ներկայացուցիչները կկարողանան պաշտոնապես ամուսնություններ կնքել և ունենալ նույն այն իրավունքները, ինչ և ավանդական ընտանեկան զույգերը, օրինակ, կկարողանան երեխաներ որդեգրել, հաղորդել է BBC-ն: Մինչ այդ սեռական փոքրամասնության ներկայացուցիչները Գերմանիայում կարող Էին կնքել այսպես կոչված «քաղաքացիական միություններ»:
Նշվում է, որ կառավարող կոալիցիայում մեծամասնություն ունեցող Քրիստոնեադեմոկրատական միություն և Քրիստոնեասոցիալական միություն կուսակցությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը հանդես էր գալիս միասեռ ամուսնությունները ճանաչելու դեմ: Սակայն այս շաբաթ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր, ՔԴՄ-ի նախագահ Անգելա Մերկելը կուսակիցների հորդորել է, որ նրանք այս դեպքում որոշումն ընդունեն ինքնուրույն՝ «խղճի թելադրանքով», այլ ոչ թե ղեկավարվել համակուսակցական դիրքորոշմամբ: Միևնույն ժամանակ Մերկելն ինքն ավելի վաղ չի պաշտպանել միասեռ ամուսնությունների օրինականացման գաղափարը և քվեարկության ժամանակ դեմ է արտահայտվել:
Սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն, Գերմանիայի բնակչության մեծամասնությունը պաշտպանում է միասեռ ամուսնությունների օրինականացումը: