Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս և ո՞ւմ հետ է է դերասանուհի Նաիրա Մովսիսյանն անցկացնելու ամառային հանգիստը:
«Քանի որ ունեցել եմ երեք տարվա մասնագիտական դադար, ինձ համար հիմա կատարյալ հանգիստ է աշխատանքս: Կարծում եմ՝ այս ամռանը լավ կաշխատեմ, որպեսզի լրացնեմ ունեցածս դադարի տեղը: Այնպես որ, հավանաբար ձմռանը կմտածեմ հանգստի մասին»,- նշեց Նաիրան:
Դերասանուհին խոստովանեց, որ պասիվ հանգստի մեծ սիրահար է, պատրաստ է օրերով հեռախոսն անջատել և հանգիստը վայելել.
«Սովորաբար իմ հանգիստը հենց այդպես էլ անցնում է: Ես կարող եմ անջատել հեռախոսս, չշփվել ոչ մեկի հետ, չօգտվել համացանցից ու վայելել ինձ տրված արձակուրդները: Հանսգտի ընթացքում ես կարող եմ ակտիվություն ցուցաբերել ժամանցս լավ անցկացնելու իմաստով, բայց ոչ սելֆի անելով»,- հավելեց նա:
Նաիրան նշեց, որ հիմնականում նախընտրում է մայրիկի և դստեր հետ արձակուրդներն անցկացնել.
«Դեռ մանկուց, երբ դպրոցով էքսկուրսիա էինք գնում, ես ստիպում էի, որ մայրս ինձ հետ լիներ, քանի որ նրա ներկայությամբ ես ինձ ազատ եմ զգում: Մայրիկիս հետ ճանապարհորդելիս՝ ես իսկապես հաճույք եմ ստանում: Նրա ներկայությամբ ես այն եմ, ինչ կամ: Բնավորություն ունեմ՝ անգամ հարզատ ընկերուհու հետ երկար ճանապարհ չեմ գնա, քանի որ ճանապարհն ինձ համար ապրելուց ավելի կարևոր է: Ճանապարհ պետք է ընկնես նրա հետ, ով քեզ անգիր գիտի, իմ պարագայում մայրս է և արդեն աղջիկս»,- հստակեցրեց դերասանուհին:
Նաիրան զրույցի ընթացքում նշեց նաև, որ ամռան շոգերին դիմակայում է գրեթե ամեն երեկո քաղաքից մեկնելով.
«Ես սիրում եմ երեկոները Երևանում չլինել: Կարող եմ միայնակ կամ մայրիկիս և բալիկիս հետ միասին նստել մեքենան ու գնալ այնտեղ, ուր ճանապարհը կտանի: Ինձ շատ հետաքրքիր է գյուղական կյանքը, միջավայրը, այնտեղի բնությունն ու օդը: Հատկապես շատ եմ հավանում Արագածը, Դիլիջանը, Ծաղկաձորը, Ալավերդին, Սպիտակը, Լոռին, Շամշադինը»,- նշեց նա:
Նաիրա Մովիսիյանի կարծիքով՝ երևանյան ամառը շատ պասիվ է.
«Երևանում անհետաքրքիր ամառ է, գունավոր ոչինչ չկա: Ժամանցի կենտրոններն էլ խիստ ստանդարտ են, ընդամենը կան բացօթյա կամ փակօթյա սրճարաններ, որոնք ըստ եղանակի դառնում են բաց կամ փակ: Ակումբներ էլ ինքս ինձ չեմ կարող թույլ տալ գնալ ու ազատ ժամանակ անցկացնել, քանի որ հաշված թվով ակումբներ կան, որտեղ կարող ես գնալ ու քեզ ոչ մեկ չնայի՝ որպես ճանաչված մարդու: Առաջ բացօթյա համերգներ էին կազմակերպվում, հիմա դրանից էլ ենք զրկվել: Հիմա ես, եթե աշխատանքի չեմ, քաղաքից դուրս եմ գնում, կամ էլ չմուշկներ եմ վարում մեր բակում, որն իմ սիրելի զբաղմունքներից է»,- նկատեց դերասանուհին: