Sputnik Արմենիան ներկայացնում է Սյունիքի լեռներում գտնվող Հին Խոտ գյուղատեղին, որը համարվում է Հայաստանում պերուական Մաչու Պիկչուի նմանակը:
Հայաստանում զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ այսօր տարբեր ձևաչափերով շատ է խոսվում և քննարկվում: Իրոք, մեր երկիրը, որը չունի բնական ռեսուրսների մեծ պաշարներ, պարզապես պարտավոր է ունենալ զարգացած և մրցունակ զբոսաշրջային տնտեսություն: Հայաստանում շատ կան վայրեր, որոնք կարող են միանգամայն գրավիչ լինել զբոսաշրջիկների համար, ուղղակի դրանք պետք է բացահայտել և կարողանալ պատշաճ կերպով ներկայացնել երկիր այցելած հյուրերին:
Նմանատիպի վայրերից մեկը կարող է դառնալ Սյունիքի մարզում գտնվող Հին Խոտ գյուղատեղին: Այն իրավմամբ անվանում են «հայկական Մաչու Պիկչու», քանի որ այստեղի լեռնային տեղանքն ու բնապատկերները շատ նման են Հարավային Ամերիկայում, Պերուում գտնվող ինկերի հին քաղաքատեղիին: Բայց Մաչու Պիկչուն այսօր հանրահայտ զբոսաշրջային կենտրոն է, իսկ Հին Խոտի մասին թերևս գիտեն կամ այցելել են հայաստանաբնակներից շատ քչերը:
Մաչու Պիկչուն տեղակայված է պերուական Անդերի լեռնաշղթայում՝ 2450 մետր բարձրությամբ լեռան վրա: Քաղաքը կառուցված է 15-րդ դարի կեսին՝ այն ժամանակվա ինկերի կառավարիչ Պաչակուտեկի կողմից: Բնակավայրը, որն ընդունված է անվանել ինկերի «կորուսյալ քաղաք», գոյատևեց շուրջ մեկ դար, որից հետո անհայտ պատճառներով բնակչությունը լքեց քաղաքը և շուրջ երեք ու կես դար այն դարձավ անմարդաբնակ: Մաչու Պիկչուն հայտնաբերվեց ամերիկացի հետազոտող Հայրամ Բինգհեմի կողմից 1911 թվականին: Շուրջ 200 շինություններ ունեցող քաղաքը, որտեղ ժամանակին բնակվում էր մոտ 1200 մարդ, բավականին լավ է պահպանվել: Հնավայրը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և մշտապես մեծաքանակ այցելուներ է ունենում տարբեր երկրներից՝ մեծ եկամուտներ բերելով Պերուի տնտեսությանը:
Հին Խոտ գյուղատեղին շատ ավելի հին պատմություն ունի, քան Մաչու Պիկչուն՝ այն Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է եղել: Բնակավայրը գտնվում է Կապանից 67 կմ դեպի հյուսիս-արևելք, Որոտան գետի ձախ կողմում, բարձրադիր սարավանդի՝ ծովի մակերևույթից մոտ 1500 մետր բարձրության վրա, շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով։ Գյուղը բնակեցված է եղել մինչև 1970-ականները, այնուհետև տեղաբնակները տեղափոխվել են նոր՝ ավելի հարմար և հարթ տարածք, հին գյուղից դեպի հյուսիս, որն էլ ներկայիս Խոտ գյուղն է հանդիսանում: Հին գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հազարամյակներով թվագրվող դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ, որոնցից մեկի տարածքում պահպանվել են 12-րդ դարում կառուցված Կարմիր վանքի ավերակները։ Ըստ ավանդության, այդ եկեղեցու զանգերը հայտնի են եղել իրենց հզոր հնչեղությամբ, և այդ իսկ պատճառով հենց Կարմիր վանքի հետ են կապում երկրամասի մեկ այլ՝ Զանգեզուր տեղանունի ծագումը։

Պատմական արձանագրությունները վկայում են, որ Խոտը հանրահայտ Տաթևի վանքի հարկատու գյուղերից մեկն է եղել, և 1205 թվականին Խաղբակի որդի Դլեն իշխանը Խոտ գյուղը և Խոտագետի մեծ այգին նվիրաբերել է Տաթևի վանքին: Հին Խոտի հյուսիս-արևելյան մասում, բարձր ձորափին է գտնվում Խոտի վանքը, հնագույն մի շինություն՝ կառուցված 5-6-րդ դարերում։ Գյուղում կա նաև, հավանաբար, 17-րդ դարի 2-րդ կեսին կառուցված Մրգաձորի Խաչ կոչվող մի եկեղեցի, որն, ըստ ավանդույթի, կառուցել է պարսիկ տիրակալ Շահ-Աբասի հարեմից փախած մի հայուհի:
Նշենք, որ որոշ զբոսաշրջային գործակալություններ արդեն ներառել են Հին Խոտի, ինչպես նաև հարևանությամբ գտնվող Հին Շինուհայրի ու Հին Հալիձորի նմանատիպի հնավայրերը իրենց հետիոտն երթուղիներում, որի մասին կայքերում տեղադրված են համապատասխան գովազդներ: Բայց դա, իհարկե, քիչ է: Կարծում ենք, իրատեսական ծրագրերի իրականացմամբ հնարավոր է Սյունիքի գեղատեսիլ և խորհրդավոր վայրերից մեկը՝ Հին Խոտը նույնպես դարձնել տարածաշրջանի ճանաչված զբոսաշրջային կենտրոններից մեկը, ինչպես, օրինակ, դա եղավ Տաթևի վանքի և որոշ չափով նաև Հին Խնձորեսկի պարագայում:
Ռուբեն Շուխյան