Այլ երկրների օրենսդրությամբ թույլատրվող միասեռականների ամուսնությունների գրանցումը հավաստող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում վավե՞ր են, թե՝ ոչ: PanARMENIAN.Net -ն այս հարցով դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն:
Հարցմանը պատասխանել են ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունից: Պարզվում է, որ, ըստ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 143 հոդվածի, ՀՀ քաղաքացիների միջև ամուսնությունները և ՀՀ ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնությունները, որոնք կնքվել են ՀՀ տարածքից դուրս՝ պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, ՀՀ-ում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:
Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում ՀՀ-ում վավեր են նաև օտարերկրյա քաղաքացիների միջև ՀՀ տարածքից դուրս կնքված ամուսնությունները, եթե պահպանվել է այն պետության օրենսդրությունը:
Ստացվում է, որ եթե ամուսնությունը գրանցվել է ըստ տվյալ երկրի օրենսդրության, ապա ՀՀ-ում այն վավեր է՝ անկախ ամուսինների սեռերից՝ լինի դա ավանդական՝ կնոջ ու տղամարդու, թե՝ 2 կանանց կամ 2 տղամարդկանց միություն, քանի որ օրենքի այս հոդվածում սեռերին անդրադարձ պարզապես չկա: