Գրեթե կես տարի է, ինչ ֆոտոմոդել, երգիչ ՎԱՐԴԱՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ, որը հայտնի է Razboy բեմական անունով, ստեղծագործական լռություն է պահպանում: Երկարատև լռությունն, իհարկե, ուներ լուրջ պատճառներ. ծանր հիվանդության հետևանքով մահացավ Վ. Նահապետյանի մայրը՝ այն էլ արտասահմանում՝ որդուց հեռու:
Իսկ թե երբ, ի վերջո, ստեղծագործական նորություններով կրկին իր ունկնդիրներին կներկայանա Razboy-ը, «Իրավունքին» հաջողվեց ուշագրավ մանրամասներ պարզել հենց նրանից:
RAZBOY-Ը ԱՇՆԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԹՈՂԱՐԿԵԼ ՆՈՐ ԱԼԲՈՄ
– Նախ ասեմ, որ ստեղծագործական նորություն դեռ պետք է լիներ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին՝ ալբոմի տեսքով, բայց քանի որ ինձ հետ դժբախտ դեպք պատահեց, դրանից հետո չկարողացա այն թողարկել…. Ամբողջ ֆինանսը ներդրեցի հիվանդանոցներում՝ մորս բուժման համար, ապա նաև կարողացա հոգալ, որպեսզի նրան ուղարկեի արտերկիր և այնտեղ բուժում ստանար… Դրա համար էլ ալբոմի թողարկումը հետաձգվեց: Բայց հիմա՝ մինչև աշուն, միանշանակ, զբաղվելու եմ ալբոմի ձայնագրություններով և մոտավորապես՝ նոյեմբերի կեսերին այն արդեն կթողարկվի: Այս մասին կլինի պաշտոնական հաղորդագրություն, ինչպես նաև նախատեսում եմ բաց շնորհանդես ունենալ: Սովորաբար, մենք ստանում ենք մեր պատկերացրածի կեսը, բայց ես կփորձեմ այս դեպքում կեսից էլ ավելին ստանալ և հուսով եմ՝ այն, ինչ պատկերացրել եմ, մաքսիմալ կկարողանամ իրագործել:
– Վարդան, ալբոմն ի՞նչ բովանդակություն է ունենալու, և այն ո՞ր լսարանին է ուղղված:
– Ժանրը հատուկ ընտրված չէ, ալբումում ընդգրկված կլինեն հոգեվիճակային երգեր, որոնք զգացմունքներ կփոխանցեն ունկնդիրներին: Ընդհանրապես, եթե անգամ փորձեմ ալբոմն ինչ-որ կերպ «ժանրավորել», չեմ կարող, որովհետև այստեղ ավելի ասելիք ունեցող երգեր են, ընդ որում՝ անգլալեզու: Հնարավոր է ալբոմում հայալեզու ոչ մի երգ չընդգրկվի, քանի որ ձևաչափը արդեն իսկ հայկական չէ, և այն նորություն կլինի իմ կողմից: Ինչ վերաբերում է, թե ինչպիսի արձագանք կունենա այն և որ լսարանին է ուղղված, հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս չեմ կարող ասել՝ կոնկրետոր որ լսարանին հաճելի կլինի լսել այս երգերը:
«ՓՈՐՁԵԼ ԵՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՄ ՀՈԳԵՎԻՃԱԿԸ՝ ԵՐԳԵՐԻ ՏԵՍՔՈՎ»
– Մշտապես հանդես եք եկել համարձակ ստեղծագործական քայլերով, ինչո՞վ այս ալբոմը կառանձնանա:
-Այն, ինչ անում եմ իմ ստեղծագործական աշխատանքներում, չեմ կենտրոնանում, որ լինի համարձակ ոճի մեջ կամ ընդհանրապես՝ ավելի մեծ ուշադրության արժանանա: Ես ստեղծագործում եմ ու անում եմ այն, ինչն, ուղղակի, իմն է: Իսկ ալբոմը կառանձնանա նրանով, որ տարբերվում է հայկական շուկայի երգերից: Առհասարակ, իր տեսակով այս ալբոմը կլինի տարբերվող, քանի որ այն բազմաժանր է, անգլալեզու է, ինչն արդեն իսկ հետաքրքրություն կառաջացնի լսարանին, որպեսզի ունկնդրեն ու հասկանան: Որոշ մարդիկ միգուցե քննադատեն, որոշները՝ սիրեն, ինչևէ, ամեն դեպքում, փորձել եմ հանրությանը ներկայացնել իմ հոգեվիճակը՝ երգերի տեսքով:
– Իսկ չե՞ք պատրաստվում առաջիկայում նաև զուգերգով հանդես գալ:
– Անկեղծ ասած, զուգերգի առաջարկներ բազմիցս եղել են, բայց կարծում եմ, որ միգուցե դա իմը չէ կամ դեռ ժամանակը չէ: Ամեն դեպքում, չեմ էլ բացառում, որ մի օր կունենամ զուգերգ՝ ինչ-որ մի երգիչ-երգչուհու հետ:
Ամբողջությամբ՝ iravunk.com