7 տարվա ընդմիջումից հետո Շպռոտը կրկին ելույթ ունեցավ Հայաստանում։ Tert.am Life–ը ներկայացրել է Շպռոտի համերգի ֆոտոշարքն ու նրա հետ հարցազրույցը։
Հայ հանդիսատեսին կարոտած երգչուհին երևանյան ժամանցի կենտրոններից մեկում երեկ ներկայացրեց երգեր ինչպես իր, այնպես էլ հայտնի երգիչների երգացանկերից, ինչպես նաև` ունեցավ 2 պրեմիերա։ Նա նոր մշակմամբ ներկայացրեց «Քելե, Սաթո» և «Վույ աման» երգերը։ Առաջինը` սոլո կատարմամբ, երկրորդը` երիտասարդ երգիչ Հրանտոյի հետ զուգերգով։ Երգերի մշակումներն արել է dj Lazzaro–ն։
Երգչուհին ներկայացրեց իր առաջին`այցեքարտ դարձած «Խորոզս տարան» երգը, վերջին շրջանի հիթը` «Կտրիճ Դավոն», հայերի սիրելի «Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը» երգը։ Ի դեպ, վերջինը ներկայացնելուց առաջ հիշեց դրա նախապատմությունը. «2006–ին, երբ Անդրեն առաջին անգամ ներկայացնում էր Հայաստանը «Եվրատեսիլին», ես իր բեք–վոկալն էի։ Մեկնել էինք «Եվրատեսիլին», հյուրանոցի վերելակում հանդիպեցի Սիրուշոյին։ Նա ասաց` Ան, մի շատ լավ երգ կա` «Աշտարակի պոպոկը», ինչո՞ւ չես երգում, քեզ շատ կսազի։ Ասացի` есть Սիրուշո, ի կատար կածենք։) Ստացվեց աշխատանք ռոք ոճում»։
Շպռոտը տպավորված է ակումբային համերգով։ Ասում է` Հայաստանում շատ բան է փոխվել։ «Ես միշտ ուզել եմ, որ Հայաստանում լինի այսպիսի շոու։ Ամեն դետալի վրա առանձին աշխատում են։ Այսօրվա համար հատուկ զգեստ են կարել և նվիրել ինձ։ Արայիկ Գաբաջյանն է աշխատում այդ ուղղությամբ։ Պրոֆեսիոնալ աշխատանք տեսա, հիացած եմ»,– ոգևորությամբ ասաց երգչուհին։
Երգչուհու համերգին ներկա էին նաև հայտնի գործընկերները։ Շպռոտը հիշեց, որ գործունեության ընթացքում իրեն շատ են օգնել երգչուհի Անժելա Բարխուդարյանն ու ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը։
Tert.am Life–ի հետ զրույցում նա հայտնել է, որ հուլիսի 10–ին վերադառնում է ԱՄՆ, սակայն այսուհետև հաճախ ու ավելի երկար ժամանակով կվերադառնա հայրենիք։ Հայաստան վերադառնալուց հետո մեզ տված հարցազրույցում երգչուհին ասել էր, որ եկել է մայրիկի և ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնելու, սակայն ընկերները, գրեթե, թույլ չեն տալիս մնալ ընտանիքի կողքին։ «Ընկերներս այնքան գունավոր են անցկացնում օրերս։ Սոնյան (նկատի ունի ոճաբան Սոնյա Դիլանյանին, հեղ.) եզակի մարդկանցից է, ով ինձ հետ շփվել է, երբ ԱՄՆ–ում էի։ Շատ ընկերներ չպահեցին կապը, երևի, հեռավորությունն էր պատճառը։ Սոնյան շատ հավատարիմ մարդ է։ Միշտ մնաց կողքիս։ Միացյալ Նահանգներում ինձ համար շատ կարևոր էր, երբ ուղղակի հետաքրքրվում էին`ինչպես եմ։ ԱՄՆ–ում Արմինկայի հետ եմ շփվում»,– ասաց Շպռոտն ու հավելեց, որ իր կողքին են եղել նաև Սյոմա Կոդաբաշյանը, Գեորգի Հարությունյանն ու Անժելա Բարխուդարյանը։
Ամբողջությամբ՝ life.tert.am