Դերասանուհի Աննա Մանուչարյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նրա հետ խոսել ենք «Քարե դարդի» ամերիկյան շրջագայության, սիթքոմի ավարտի և առաջիկա անելիքների մասին:
Ինչպես շատերը գիտեն՝ «Քարե դարդ»-ի անձնակազմը վերջերս մեկնել էր ԱՄՆ՝ ամերիկյան հանդիսատեսին ներկայացնելու սիրված սիթքոմի շոու տարբերակը: Մեզ հետ զրույցում Աննա Մանուչարյանը պատմեց, որ տպավորված է վերադարձել Հայաստան.
«Ես պարզապես հիացած եմ «Դեմք շոու»-ի տղաների ընդունելությունից: Նրանք էին հենց կազմակերպել մեր համերգ-ներկայացումը, և հաճելի էր, որ բացի բարձր մակարդակի շոուից, նրանք հոգ տարան նաև մեր մասին: Մենք ԱՄՆ-ում մնացինք տասը օր, և այդ տասը օրերն ուղղակի շքեղ անցան հենց նրանց շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ: Ի դեպ՝ նշեմ, որ ինքս ինձ համար նորովի բացահայտեցի Վաչեին, որովհետև այդ տղաների նման վերաբերմունքը Վաչեի վաստակն էր, քանի որ նրանք ընկերներն են ու փաստորեն շատ լավ ընկերներ են, որ միմյանց համար պատրաստ են նման ուշադրության»,- պատմեց Աննան:
Խոսելով ամերիկահայերի մասին՝ դերասանուհին նկատեց.
«Բավականին մեծ տարբերություն կա ամերկաբնակ հայերի և այստեղ ապրող հայերի միջև: Նրանք շատ կարոտած են, նրանց համար մեծ ուրախություն է, որ հայ հայտնիները տարբեր համերգային ծրագրերով Հայաստանից մեկնում են ԱՄՆ: Մեր համերգ-ներկայացումը պարզապես հիանալի անցավ, հանդիսատեսի շարքում մեծ թվով երեխաներ կային, որոնցից շատերը եկել էին Վաչեի հերոսի կարմիր սպորտային հագուստով, ինչը շատ զավեշտալի էր: Մենք նախապես հայտարարել էինք, որ ներկայացման ավարտից հետո նկարվելու ենք հանդիսատեսի հետ, իսկ թե ինչ կատարվեց այդ ժամանակ, չեմ կարող նկարագրել. Բոլորն անասելի ջերմությամբ եկել էին ու ուզում էին նկարվել, չէին ուզում հեռանալ, իսկ դրանից թանկ բան արտիստի համար չկա»:
Աննա Մանուչարյանը նշեց նաև, որ ամրիկյան շրջագայութան ուրախալի կողմը նաև այն էր եղել, որ հանդիպել են Արմուշին, ով սիթքոմի սկզբնական մասում հենց Աննայի հերոսուհու ամուսինն էր.
«Արմուշը չի դադարում ամեն անգամ զարմացնել մեզ: Նրա մասնակցությամբ տեսարանները երևի ամենստացվածներն էին: Ըստ սիթքոմի՝ իմ հերոսուհին Գոգոյից հետո ամուսնացել էր Բաբալի հետ, այնպես որ սիթքոմի բովանդակությունից ելնելով՝ սցենարական հետաքրքիր լուծում էինք գտել»,- հավելեց նա:
Հետաքրքրվելով, թե սիրված սիթքոմը ինչո՞ւ 4-րդ եթերաշրջանով ավարտվեց, դերասանուհին նշեց.
«Կարծում եմ՝ լավ է համ ու հոտով և ճիշտ ժամանակին ավարտել, քան եթերաշրջաններ ավելացնելով՝ ձանձրացնել հեռուստադիտողին: Ըստ իս՝ մենք մեր ասելիքը հաղորդեցինք հեռուստադիտողին և ժամանակն էր, որ սիթքոմը ավարտվեր»:
Ամփոփելով «Քարե դարդ»-ում իր երկու տարվա աշխատանքն՝ Աննա Մանուչարյանը նկատեց.
«Բնականաբար, յուրաքանչյուր աշխատանք և քննադատվում է, և սիրվում: «Քարե դարդ»-ն էլ բացառություն չէր, և ես այդ ամենին նայում եմ ադեկվատ ու օբյեկտիվ կերպով: Շատերը քննադատում էին մեր սիթքոմը՝ հազար ու մի անուն կպցնելով, շատերն էլ սիրում էին ու վերաբերվում որպես սիրելի ժամանցային նախագծի: Սիթքոմից լուրջ սպասելիքներ չպետք է ունենալ, այն իրավիճակային կոմեդիայի ժանր է, և այդպես էլ պետք է դրան մոտենալ: Ինչ վերաբերվում է մեր թիմին, պետք է խոստովանեմ, որ ես աշխատանքի եմ գնացել հանգստանալու, հաճույք ստանալու: Շեշտեմ մեր ռեժիսորի՝ Վարդան Հակոբյանի դերակատարումը, քանի որ, որպես ռեժիսոր, նա հրաշալի մթնոլորտ է ապահովել: Մենք սիրով ենք գնացել աշխատանքի, քանի որ ներսում շատ համերաշխ մթնոլորտ էր տիրում: «Քարե դարդ»-ը հետաքրքիր փուլ էր իմ կյանքում, որի մասին միշտ ժպիտով կհիշեմ»:
Մեզ հետ զրույցում Աննա Մանուչարյանը նշեց նաև, որ այս պահին կենտրոնացած է մասնագիտական այլ ուղու վրա, որի չակերտները հրաժարվեց բացել.
«Այս պահին երկու սիթքոմից առաջարկ ունեմ, բայց դեռևս չգիտեմ, թե ինչպես կընթանա աշխատանքային գործընթացս: Քանի որ արդեն տասը տարուց ավել է, ինչ Հանրային ռադիոյում եմ աշխատում՝ որպես հաղորդավարուհի, կցանկանայի, որ հաղորդավարական աշխատանքս տեղափոխվեր հեռուստատեսություն: Բացի դրանից, հիմա մեկ այլ միտք ունեմ, որի մասին ուզում եմ դեռ լռել, միայն կասեմ, որ իմ մասնակցությամբ անակնկալ է սպասվում հանդիսատեսին»,- ավարտեց դերասանուհին: