Run Armenia նախագծի նախաձեռնությամբ, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի ու Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում երրորդ անգամ կազմակերպվում է ամենագունավոր միջոցառումներից մեկը` Color Run–ը։
««Գունազարդ վազքը» (Color Run) միջազգային ձևաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում: Նկատելի է, որ միջոցառումը տարեցտարի ավելի շատ մարդկանց է հետաքրքրում։ 2015 թվականին մենք ունեցել ենք 1000 մասնակից, 2016–ին` 1400, դեռ չենք կարող ասել` այս տարի որքան մասնակից կունենանք, բայց բուռն արձագանքներից կարող ենք ենթադրել, որ 2017–ին միջոցառման մասնակիցների թիվը կգերազանցի նախորդներին»,– Tert.am Life–ին ասաց Run Armenia նախագծի հիմնադիր Ղազար Հակոբյանը։
Վերջինս նշեց, որ այս տարվա «Գունազարդ վազքը» բարեգործական է։ Միջոցառումից ստացված հասույթի մի մասը հատկացվելու է անվճար մարզվելու համար Երևանի կենտրոնում Street Workout-ի մասնագիտացված մարզահրապարակի ու «Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրի շրջանակում Իջևան-Բերդ 34կմ ճանապարհի կառուցմանը։
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի «Գունազարդ վազքի» սկիզբը կտրվի Հանրապետության հրապարակից։ 5 կմ վազքից հետո մասնակիցները կվերադառնան հրապարակ։ Վազքուղին առաջինն անցած երեք տղաներն ու աղջիկները կպարգևատրվեն մրցանակներով:
Ամբողջությամբ՝ life.tert.am