Creative Armenia մշակութային կազմակերպության գործունեության մեկնարկը տրվեց Երևանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախորդ ամիս տեղի ունեցած պաշտոնական մեկնարկից հետո, որն իրականացվել էր «Խոստում» ֆիլմի ստեղծողների և UCLA համալսարանի՝ Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության մասնաճյուղի հետ համագործակցության արդյունքում, Creative Armenia-ն սկսում է իր գործունեությունը Երևանում։
Նախագծի հիմնադիր Կարին Հովհաննիսյանն ասաց, որ նպատակների իրականացման համար կազմակերպության ներկայությունը Հայաստանում շատ մեծ դեր և նշանակություն ունի։ «Լոս Անջելեսից մինչև Երևան՝ մեր աշխատանքը տաղանդավոր արվեստագետների բացահայտումն է թվային դարաշրջանում։ Այս նախագիծը ստեղծվել է արվեստի, մարդու իրավունքների և ստեղծարար տեխնոլոգիաների հատման արդյունքում։ Մենք Հայաստանում շատ տաղանդներ ունենք, և Creative Armenia-ն այս ամիսների ընթացքում առաջարկելու է թվային դրամաշնորհներ, մրցույթներ։ Միասին մենք աշխատելու ենք մեր մշակույթին նոր համ ու հոտ տալու ուղղությամբ»,- ասաց Կարին Հովհաննիսյանը։
Creative Armenia-ն մեկնարկում է մի շարք ծրագրերով՝ դրամաշնորհների տրամադրմամբ, թվային ամսագրի թողարկմամբ, ժամանակակից սեփական արտադրանքով։ Կազմակերպության մեկնարկային ծրագիրը ստեղծարար մարտահրավերների շարքն է։ Այդ շարքից առաջին վիդեոմարտահրավերն է ռեժիսոր Թերրի Ջորջի («Ռուանդա հյուրանոց», «Խոստումը») կողմից։ Պետք է նկարահանել մարդու իրավունքների մասին պատմող ֆիլմ 60 վայրկյանանոց՝ առանց երկխոսությունների։ Մրցանակը կազմելու է 5000 ԱՄՆ դոլար։ Մրցանակակիրին որոշելու է ժյուրին, որի կազմում ներգրավված են հայտի ռեժիսոր Թերրի Ջորջը, Կաննի փառատոնի «Գրան պրիի» մրցանակակիր, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, սոցիալական ազդեցության ոլորտում հանրահայտ Բոննի Աբաունզան, սոցիալական ազդեցության հանրաճանաչ կինոգործիչ Կառլա Կարապետյանը և UCLA-ի սոցիալական ազդեցության ժամանցի՝ Skoll կենտրոնի գործադիր տնօրեն Փիթեր Բիսանզը։
Մարտահրավերի վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 31-ը, որպեսզի խրախուսվեն դիմումները Հայաստանից։ Հայաստանի և Արցախի հանրապետությունների քաղաքացիների մասնակցությունն անվճար է։ Դիմել կարող են բոլոր կինոգործիչներն՝ անկախ ազգությունից։
Creative Armenia-ն հիմնադրվել է անհայտ մի բարերարի, «Գյուլբենկյան» հիմնադրամի և «Խոստում»-ի հետ համագործակցության արդյունքում։ Այն ներկայացված է Լոս Անջելեսում և Երևանում գտնվող ստեղծարար թիմերով և հիմնադիր խորհրդով։ Խորհրդի մեջ մտնում են Գրեմմիի մրցանակակիր երաժիշտ Սերժ Թանկյանը, պրոդյուսեր դոկտոր Էրիկ Էսրաիլյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, դերասան Սիմոն Աբգարյանը, դերասան, դրամատուրգ Էրիկ Պողոսյանը, կինոգործիչ Կառլա Կարապետյանը և դիզայներ Մայքլ Արամը։