Հայ-Թուրքական պետական սահմանին` Արաքսավանում հայտնաբերել են անգլերենով հարցեր տվող սևամորթ տղամարդու
Advertisement 1000 x 90

Հայ-Թուրքական պետական սահմանին` Արաքսավանում հայտնաբերել են անգլերենով հարցեր տվող սևամորթ տղամարդու

Հայաստան-Թուրքիա պետական սահմանին մոտ գտնվող Արաքսավան բնակավայրում ժողովրդական կամավորական դրուժինայի անդամը հայտնաբերել է անծանոթ մի տղամարդու, ով անգլերենով հարցեր է տալիս տեղի բնակիչներին:

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի բաժնից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ Արաքսավանի բնակիչը, անհանգստացած լինելով փաստի առնչությամբ, այդ մասին անմիջապես տեղյակ է պահել ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը: Կասկածելի տղամարդու փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ նա Անգոլայի քաղաքացի, 1982 թվականին ծնված Դոնգալա Բոբ Ջոան է:

Բացի անձնագրից նրա մոտ եղել են նաև փաստաթղթեր, որոնք հաստատում են Ֆրանսիայում փախստականի իր կարգավիճակը և տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում ազատազրկման վայրից ազատման վերաբերյալ: Հարցաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ Ջոան պատիժ է կրել 2016 թվականին Թուրքիայի և Հայաստանի սահմանն անօրինական հատելու համար:

Ազատ արձակվելուց հետո գնել է տոմս Երևան-Փարիզ թռիչքի համար, սակայն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հետևանքով չի կարողացել հատել պետական սահմանն ու հեռանալ: Դրանից հետո նա սկսել է Ֆրանսիա գնալու այլ ուղիներ փնտրել: Նրա խոսքով՝ ինքը Հայաստանի պետական սահմանը ևս մեկ անգամ ապօրինի հատելու մտադրություն չի ունեցել: ՀՀ իրավապահ մարմինների որոշմամբ՝ Դոնգալա Բոբ Ջոան փոխանցվել է Ֆրանսիայի դեսպանություն: