Պատճառը կազմակերպիչների անփույթ վերաբերմունքն ու գործի չիմացությունն է. Գոհար Հովհաննիսյան. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պատճառը կազմակերպիչների անփույթ վերաբերմունքն ու գործի չիմացությունն է. Գոհար Հովհաննիսյան. life.panorama.am

Ամռան սկզբին Life.panorama.am-ը հայտնել էր, որ հունիսի 20-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պետք է կայանար Գոհար Հովհաննիսյանի և Ռուբեն Սասունցու համերգ-ներկայացումը, սակայն ինչ-ինչ պատճառներով համերգը տեղափոխվել էր հուլիսի 20-ին, իսկ օրերս կազմակերպչի աշխատանքային ոչ ցանկալի գործելաոճի պատճառով Գոհար Հովհաննիսյանն ու Ռուբեն Սասունցին առհասարակ հրաժարվել են այդ օրը ելույթ ունենալ:

Life.panorama.am-ի հետ զրույցում Գոհար Հովհաննիսյանը շեշտեց. «Առաջադրված պայմանները չկատարելու պատճառով ես ու Ռուբեն Սասունցին հրաժարվում ենք երգել հուլիսի 20-ին կայանալիք համերգին: Մեր այս որոշման պատճառը կազմակերպիչների անփույթ վերաբերմունքն ու գործի չիմացությունն է: Միաժամանակ, ես ու Ռուբենը խոստանում ենք մեր հանդիսատեսին առաջիկայում լրացնել այս չկայացած համերգի բացը»:

Գոհար Հովհաննիսյանը հրաժարվեց կազմակերպչի անունը նշել: Հետաքրքրվելով, թե ինչպես է կայացել նրանց շփումը, Գոհարը մանրամասնեց.

«Կազմակերպիչը մի երիտասարդ աղջիկ էր: Նա մեզ առաջարկեց համագործակցել, մենք էլ որոշեցինք վստահել, թեև առանձնապես չէինք ճանաչում նրան: Իհարկե, երկար ժամանակ մենք տեսնում էինք նրանց անփույթ վերաբերմունքը, բայց անընդհատ սպասում էինք՝ հուսալով, որ կսթափվեն ու գործի կանցնեն: Նրանք անգամ աֆիշան չփոխեցին, երբ հունիսի 20-ի համերգը փոխարինվեց հուլիսի 20-ով, ու մինչ այսօր էլ աֆիշայի վրա գրված է հին ամսաթիվը: Մի խոսքով, էլ չասեմ, որ չկատարեցին համապատասխան վճարումները, արդյունքում հասկացանք, որ համագործակցելն ուղղակի անիմաստ է: Այդ աղջկան բազմիցս ասել եմ, որ 15 օրում նման մաշտաբային համերգ կազմակերպելը գրեթե անհնար է, որ հարկավոր է երկարատև պատրաստություն, բայց նա անընդհատ վստահեցնում էր, որ գործը գլուխ կբերի: Մենք ընդամենը երկու անգամ ենք հանդիպել, իսկ վերջերս նրա անձնական խնդիրների պատճառով առհասարակ չենք հանդիպել»:

Հարցին, թե  ինչպե՞ս է վաճառված տոմսերի գումարը վերադարձվելու, երգչուհին պատասխանեց.

«Քանի որ մենք չենք կազմակերպել համերգը, հետևաբար տոմսերի հետ կապված մենք որևէ իրավասություն չունենք: Ես հույս ունեմ, որ նրանք գոնե արդար կգտնվեն և հետ կվերադարձնեն վաճառված տոմսերի գումարը»:



Նման նյութեր