Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում երեկ գրանցվեց անակնկալ՝ Շոտլանդական «Ռեյնջերսը» դուրս մնաց հետագա պաքարից:
Շոտլանդական հանրահայտ ակումբին պայքարից դուրս թողեց Լյուքսեմբուրգի «Նիդերկորնին», ով առաջին խաղում 1:0 պարտվելուց հետո՝ երկրորդ խաղում կարողացավ հաղթել 2 գնդակի առավելությամբ:
Լյուքսեմբուրգյան ակումբի կազմում գրեթե ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Ալեքսանդր Կարապետյանը: Հայ ֆուտբոլիստի և իր թիմի նվաճումը մեծ ոգևորություն առաջացրեց հայ երկրպագուների շրջանում:
Ալեքսանդր Կարապետյանը նշում է, որ իրենք ևս մեծ ակումբ են, այնպես որ, իրենց հաղթանակը պատահական չէր:
«Խնդիրն այն է, որ բոլորը կարծում են, որ Լյուքսեմբուրգում մենք չենք խաղում ֆուտբոլ: Բայց մենք հավատում ենք մեզ և մեր որակներին»,- նշում է Ալեքսանդրը 168.am-ի հետ զրույցում:
Ըստ Ալեքսանդր Կարապետյանի՝ այս հաղթանակը պատահական չէր, և ինքը համոզված է, որ մյուս փուլում իրենք ևս կարող են կրկնել հաջողությունը:
«Եթե մենք կարողացանք հրաշալի խաղ անցկացնել 51 000 «ռեյնջերների» առաջ, ապա կկարողանանք հաղթել նաև Կիպրոսում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ֆուտբոլիստը:
Ըստ Ալեքսանդրի՝ թիմի նպատակը Եվրոպա լիգայի խմբային փուլում խաղալն է. «Մենք գիտենք, որ դա բարդ է, բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»:
Ալեքսանդր Կարապետյանը հանդես է եկել նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Մեզ հետ զրույցում Ալեքսանդրը նշեց, որ շատ է սիրում իր հայրենիքը, սակայն երբեք չի ցանկանա խաղալ հայկական որևէ ակումբում:
«Ես հուսով եմ, որ հավաքականի մարզիչը տեսել է խաղը և ինձ կրկին կհրավիրի հավաքական»,- ասաց Ալեքսանդրը:
Սիրարփի Աղաբաբյան