Օրերս Նովորոսիսկում կայացած «Морской узел 2017» ամենամյա երաժշտական մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Սյուզաննա Մելքոնյանը, որտեղ երգչուհին ներկայացել է Էդգար Գյանջումյանի և Վահան Անդրեասյանի հեղինակած «Սիրո երկու թևեր» երգով:
Սյուզաննան այժմ գտնվում է Մոսկվայում, բայց հասցրել է զրուցել Life.panorama.am-ի հետ և պատմել ոչ միայն «Морской узел 2017»-ում հաղթելու, այլև՝ առաջիկայում «Նոր ալիք 2017»-ին ներկայանալու պատրաստությունների մասին:
Հետաքրքրվելով, թե Սյուզաննան ինչո՞ւ էր գաղտնի պահել իր՝ «Морской узел 2017»-ում մասնակցությունը, պատասխանեց.
««Морской узел 2017»-ին մասնակցությունս վաղուց էր հայտնի, երբ դեռ հաստատված չէր իմ մասնակցությունը «Նոր ալիք»-ում: Սակայն հայտարարություններ չէի արել, որ մասնակցելու եմ «Морской узел 2017»-ին, քանի որ ուզում էի դա անակնկալ լիներ, ցանկանում էի հանրությունը միանգամից հաղթանակիս մասին տեղեկանար, ինչը հաջողվեց ինձ: Բացի այդ, մտածեցի, որ ճիշտ չի լինի երկու մրցույթների մասին միաժամանակ խոսելը: Ինչևէ, իմ ծրագրերը, կարծես թե, ընթացան՝ ըստ պլանավորածի»:
Սյուզաննա Մելքոնյանը խոստովանեց, որ դժվար է եղել միանգամից երկու կարևոր մրցույթների նախապատրաստվելը.
«Անշուշտ, շատ դժվար էր պատրաստվել ինձ համար երկու կարևոր մրցույթների: Ամիսներ շարունակ զուգահեռաբար փորձել եմ երկկողմանի աշխատանքներ տանել՝ ուշադրություն դարձնելով ամեն մի փոքր դետալի: Այս պահին արդեն մի փոքր հանգիստ եմ, քանի որ առաջին մրցույթը հաղթանակով անցկացրի, հիմա մնացյալ ուժերս կենտրոնացրել եմ միայն «Նոր ալիք 2017»-ի վրա: Ես տեսակով շատ բծախնդիր եմ ու ինքս իմ հանդեպ անասելի պահանջկոտ, դրանից ելնելով էլ՝ ամեն ինչ անում եմ, որպեսզի նախ ես ինձնից գոհ մնամ, հետո նաև հանդիսատեսը»,- հավելեց երգչուհին:
Սյուզաննան «Морской узел 2017»-ում հաղթանակից հետո առաջին հերթին հպարտություն է զգում.
«Շատ ուրախ և հպարտ եմ, որովհետև սա իմ առաջին միջազգային բեմելն էր: Եվ այն, որ առաջին իսկ փորձից հաղթանակ ունեցա, կարող եմ եզրակացնել, որ սկիզբը լավ դրվեց և, հուսամ, մասնակցությունս ու հաղթանակս միջազգային մրցույթներում շարունակական կլինի: Այս պահին անդադար լսում եմ մարդկանց ջերմ խոսքերը, նրանց սերն ու վստահությունն եմ զգում, ինչը շատ հաճելի զգացողություն է: Շնորհակալ եմ բոլորին՝ հաճելի խոսքերի համար, նաև շեշտեմ, որ այս հաղթանակից հետո էլ ավելի մարտական եմ տրամադրված «Նոր ալիք 2017» մրցույթի նկատմամբ: Այս հաղթանակը ինձ հանգստություն չի փոխանցել, ընդհակառակը՝ հիմա ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում, որպեսզի ևս մեկ ամուր կապ ունենամ հանդիսատեսիս հետ»,- նկատեց երգչուհին:
«Նոր ալիք 2017»-ը կկայանա սեպտեմբերի 8-14-ը: Օգոստոսի 29-ից բոլոր պատվիրակները կմեկնեն Սոչի, որպեսզի պատրաստվեն ու մասնակցեն բոլոր միջոցառումներին: Սյուզաննայի խոսքով՝ այս մրցույթում ևս իրեն տեսնում է հաղթողի կարգավիճակում.
«Հաղթանակից առաջ շատ կարևոր է ճիշտ պատրաստվել ու նույն ճշտությամբ ներկայանալ, իսկ թե կրկին հաղթանակ կգրանցեմ, ժամանակը ցույվ կտա: Ինձ համար դա ինքնանպատակ չէ, ես պարզապես ողջ ուժերս կենտրոնացնում եմ դրա վրա: «Морской узел 2017»-ն ինձ համար հետաքրքիր մարզանքի նման մի բան էր ու նաև մեծ փորձ: Այն «Նոր ալիք»-ին մասնակցելուց առաջ փոքր դպրոց էր՝ լի խտացված դժվարություններով: Ռուսական բեմում ինձ դրսևորել եմ այնպես, ինչպես հայաստանյան բեմերում կդրսևորվեի, այնպես որ, հուսամ, ամեն ինչ լավ կլինի և կկարողանամ արդարացնել թե իմ, թե հանդիսատեսի սպասելիքները»,- ավարտեց երգչուհին: