Եվրոպան ճանաչվել է աշխարհի ամենաշատ խմող մայրցամաքը
Advertisement 1000 x 90

Եվրոպան ճանաչվել է աշխարհի ամենաշատ խմող մայրցամաքը

Եվրոպան ալկոհոլի օգտագործման մակարդակով համաշխարհային առաջնորդն է, ըստ որում` 15 տարեկանից մեծ եվրոպացիների 20 տոկոսից ավելին շաբաթական առնվազն մեկ անգամ հարբում է: Արդյունքում` Եվրոպայում է գրանցվել առողջության վատթարացման և վաղաժամ մահվան ամենաբարձր տոկոսը, որոնք անմիջականորեն կապված են ալկոհոլի հետ: Այս մասին նշված է United European Gastroenterology-ի (UEG) զեկույցում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

UEG-ի տվյալներով` ԵՄ քաղաքացիները օրական միջինը 2 չափաբաժին ալկոհոլ են օգտագործում, որը 21 տոկոսով մեծացնում է կոլորեկտալ քաղցկեղի առաջացման հավանականությունը` լրացնելով մարսողական համակարգի մյուս քաղցկեղային հիվանդությունները: Ըստ որում` զեկույցում նշված է, որ ԵՄ բոլոր 28 երկրներում ալկոհոլային խմիչքների օրական միջին օգտագործումը «չափավոր» է եղել` օրական 1-ից մինչև 4 բաժակ: «Ծանր» խմողների մոտ,- օրական 4 կամ ավելի բաժակ,- մեծանում է նաև ենթաստամոքսային գեղձի, լյարդի և ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Քաղցկեղի այս 3 տեսակները կոլորեկտալ և կերակրափողի քաղցկեղի հետ միասին համարվում են աշխարհում մարսողական համակարգի ամենատարածված ուռուցքային հիվանդությունները, որոնց հետևանքով տարեկան մոտ 3 մլն մարդ է մահանում: Այս հիվանդություններն են պատասխանատու նաև քաղցկեղի հետևանքով գլոբալ մահացության ավելի քան երրորդ մասի համար: Հետազոտությամբ եվրոպական և ոչ մի երկրում չի հայտնաբերվել ալկոհոլի «թեթև» օգտագործում` օրական միջինը 1 կամ ավելի քիչ բաժակ:

Ըստ որում` եվրոպացիների գրեթե 90 տոկոսը նույնիսկ չի կասկածում ալկոհոլի և քաղցկեղի կապի մասին, հայտնում են UEG-ից և կոչ անում բնակչությանը հստակ ու հետևողականորեն իրազեկել առողջության համար ալկոհոլի օգտագործման վտանգների մասին: Մարսողական օրգանների հիվանդությունների առաջատար մասնագետ , պրոֆեսոր Մարկուս Պեկի կարծիքով` հիմնական խնդիրներից մեկն այն է, «թե եվրոպական հասարակության շրջանում որքան խորն է ներդրված ալկոհոլի օգտագործումը»` ե´ւ սոցիալական, ե´ւ մշակութային տեսանկյունից:

Ներկայում անհրաժեշտ է քաղաքական միջոցառումներ իրականացնել, մասնավորապես` գնային կարգավորում մտցնել և խստացնել ալկոհոլային արտադրանքի սպառման կանոնները, կարծում է Պեկը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` եվրոպացին տարեկան միջինը 11,2 լիտր ալկոհոլ է օգտագործում` 20 տոկոսով ավելի շատ միջին ամերիկացուց և 2 անգամ ավելի շատ աֆրիկացուց:

med.news.am