Պե՞տք է արդյոք առավոտյան վազքով զբաղվել
Advertisement 1000 x 90

Պե՞տք է արդյոք առավոտյան վազքով զբաղվել

Մասնագետներից շատերը պնդում են, որ վազքով զբաղվելն առողջության համար օգտակար է: Սակայն այն մասին, թե որ ժամին է կարելի վազել, իսկ որ ժամին` ոչ, կարելի է շատ հակասական կարծիքներ լսել: Մասնագետներից ոմանք նշում են, որ վազքով և ցանկացած այլ մարզաձևով կարելի է զբաղվել օրվա ցանկացած ժամին, մյուսները խորհուրդ չեն տալիս դա առավոտյան անել, երրորդները դեմ են երեկոյան ժամերի մարզումներին: Ի վերջո` երբ պետք է վազքով զբաղվել և երբ` ոչ:

Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի կարծիքով` առավոտյան վազելը վատ գաղափար է: Նրա խոսքով` առավոտյան վազքը շատ տարածված էր 20 տարի առաջ. այդ ժամանակ կարծում էին, որ այն առողջությանն օգտակար է: Մինչդեռ այսօր մասնագետներից շատերն, այնուամենայնիվ, կարծում են, որ նման վազքն ավելի շուտ առողջությունը կվնասի, քան այն կամրապնդի:

Բանն այն է, որ առավոտյան սիրտը դեռևս պատրաստ չէ ֆիզիկական ծանրաբեռնվածություններին, և եթե սպորտով սկսեք զբաղվել` օրգանիզմին «արթնանալու» հնարավորություն չտալով, դա կարող է մի շարք խնդիրներ առաջացնել:

Սրտաբանը հիշեցրեց, որ առանց վազքով զբաղվելու էլ առավոտյան սրտի և գլխուղեղի կաթվածների հավանականությունը մշտապես բարձր է. համաշխարհային վիճակագրության համաձայն` սիրտ-անոթային աղետների մեծ մասը գրանցվում է առավոտյան ժամը 5-ի և 9-ի միջակայքում, երբ օրգանիզմը քնից ակտիվ ռեժիմի է անցնում: Եթե առավոտյան սիրտ-անոթային համակարգը լրացուցիչ ծանրաբեռնվածության ենթարկվի, որոնց նա պատրաստ չէ, սրտի և գլխուղեղի կաթվածների հավանականությունը միայն կմեծանա:

Այսպիսով, սրտաբանի կարծիքով, առավոտյան չարժի վազքով զբաղվել, ցանկացած մարզմամբ ավելի լավ է կեսօրից հետո կամ երեկոյան զբաղվել:

Նշենք, որ շոգ եղանակին վազքը զգուշության հատուկ միջոցառումներ է պահանջում, որոնց մասին կարելի է կարդալ հետևյալ հղումով:

med.news.am