Լեռնային Ղարաբաղը 1921 թվականի առաջին կեսին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լեռնային Ղարաբաղը 1921 թվականի առաջին կեսին. armeniasputnik.am

Շուտով արդեն մեկ դար է, ինչ մեր տարածաշրջանում առկա է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Կարծում ենք` բոլորի համար այսօր պետք է հասկանալի լինի, որ այս հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը այլընտրանք չունի և չի կարող ունենալ: Հետաքրքիր է տեղեկանալ, թե ինչպիսին է եղել Լեռնային Ղարաբաղի՝ հայ ազգաբնակչության բացարձակ մեծամասնությամբ բնակեցված այդ երկրամասի կարգավիճակը Հայաստանի խորհրդայնացման առաջին մի քանի ամիսների ընթացքում՝ 1921 թվականի առաջին կեսին:

Հայաստանի Ազգային գրադարանի ֆոնդերում պահվում է մի ուշագրավ հրապարակում՝ դա 1921 թվականի հունիս ամսին Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (նախարարության) կողմից տպագրված «Բյուլլետենն» է: Այդ ժողովածուում այլ իրավական ակտերի հետ մեկտեղ հրապարակված է մի հայտարարության տեքստ, որով Լեռնային Ղարաբաղը փաստացի Խորհրդային Հայաստանի անբաժան մասն է հայտարարվում:

Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարության «Բյուլլետեն», 1921 թ., հունիս:

Ստորև ներկայացնենք այդ հրապարակումն ամբողջությամբ. «Խորհրդային Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան պաշտօնական յայտարարութեան հիման վրա, Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի և Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութիւնով, Լեռնային Ղարաբաղը այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»: (Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Արտաքին Գործերի Ժողովրդական Կոմիսարիատի Ինֆօրմասիոն Բաժին, Բիւլլետեն Ա., էջ 13, Երեւան, Յունիս, 1921 թ.):

Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարության «Բյուլլետեն», 1921 թ., հունիս: Հայաստանի Ազգային գրադարան:

Այդ ամենի նախապատմությունն այսպիսին է եղել: Ադրբեջանական ԽՍՀ Ազգային խորհուրդը, հիմք ընդունելով Ադրբեջանի Հեղկոմի և Ադրբեջանական ԽՍՀ ու Հայկական ԽՍՀ կառավարությունների միջև մինչ այդ կնքված համաձայնագիրը, 1921 թ. հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայկական ԽՍՀ անբաժանելի մասը: Դրան հետևում է նաև Խորհրդային Հայաստանի կառավարության նույնատիպի հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ կազմի մեջ ներառելու վերաբերյալ: Նշենք, որ Հայաստանի կառավարության ընդունած հռչակագրի տեքստը հրապարակվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի պաշտոնական մամուլում: Այս ամենը փաստում է, որ Հայաստանի խորհրդայնացման առաջին յոթ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցում երկու հարևան հանրապետությունների միջև փաստացի առկա է եղել կոնսենսուս, և Լեռնային Ղարաբաղը հռչակվել է որպես Խորհրդային Հայաստանի անբաժան մաս:

armeniasputnik.am