«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը ճապոնական ընկերության հետ 10 հայտնի երգերից բաղկացած խտասալիկ է թողարկել
Advertisement 1000 x 90

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը ճապոնական ընկերության հետ 10 հայտնի երգերից բաղկացած խտասալիկ է թողարկել

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը JVC Kenwood Victor Entertainment Corporation-ի հետ համատեղ թողարկել է ճապոներեն 10  հայտնի երգերից բաղկացած խտասալիկ, որը, ըստ հրատարակողների տվյալների, բավականին մեծ վաճառք ունի Ճապոնիայի խանութներում և առցանց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, JVC Kenwood Victor Entertainment Corporation՝ նախկինում Victor EntertainmentJVC Kenwood-ի դուստր ձեռնարկությունն է, որն արտադրում և տարածում է երաժշտություն, ֆիլմեր և այլ ժամանցային արտադրանք, ինչպիսիք են անիմացիոն ֆիլմերը և հեռուստատեսային շոուները Ճապոնիայում։

Victor Entertainmentկազմակերպությունը ստեղծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնուհետև ընդլայնվել է՝ ստեղծելով իր մասնաճյուղերը  Եվրոպայում, ինչպես նաև Ճապոնիայում՝  JVC անվանումով:  Այն Ճապոնիայի ձայնագրության խոշոր կազմակերպություններից մեկն է։ Հիմնադրումից ի վեր ունի 90 տարվա պատմություն։ Աշխարհին են ներկայացնում փոփից մինչև դասական կատարողների լայն շրջանակ՝ Ճապոնիայից և արտասահմանյան երկրներից։

Սա արդեն «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի 4-րդ համագործակցությունն է ճապոնացիների հետ:

Առաջինը 2005 թվականին էր, երբ Հայաստան ժամանեց հայտնի խմբավար Չիֆուրու Մացուբարան և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ելույթ ունեցավ Չիֆուրուն Մացուբարայի և Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ:

Մյուսը 2012 թվականին էր, երբ երգչախումբը հայտնի Մին-Օն երգչախմբային ասոցիացիայի հրավերով մեկնեց Ճապոնիա՝ 40 օրյա համերգային շրջագայության: Սա երգչախմբի պատմության ամենատպավորիչ և հիշարժան շրջագայություններից մեկն էր, որի մասին երգչախմբի սաները առ այսօր հիացմունքով են հիշում և պատմում:

Հաջորդը 2016 թվականին էր, երբ երգչախմբի 6 սաներ հատուկ հրավերով մեկնեցին Ճապոնիա՝ մասնակցելու ՛՛Nodo Jiman the World’’ («Երգ Ճապոնիային»)հեռուստատեսային ծրագրին և արժանացավ հանդիսատեսի համակրանք մրցանակին:

Հենց այս մրցույթն էլ 4-րդ համագործակցության պատճառ դարձավ՝ ձայնագրել  ճապոնական երգերի խտասալիկ:

Victor EntertainmentGroup-ի պրոդյուսերը՝ Հիրոշի Նագանոն, 2016թ. գարնանը տեսնում է մրցույթը, որում ելույթ էր ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը և շատ է տպավորվում։ Անմիջապես հաջորդ օրը նա կապ է հաստատում «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի հետ և բանակցություններ վարում  երգչախմբի ձայնագրություններով ձայնասկավառակ թողարկելու վերաբերյալ:

«Մենք ցանկանում ենք, որ ճապոնական երգերը հնչեն և տարածվեն ամբողջ աշխարհով հենց  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մեկնաբանմամբ և հնչողությամբ»,- ասել էՀիրոշի Նագանոն:

2016 թվականի հունվարին ծրագրի իրականացման համար ձայնագրող անձնակազմը ժամանեց Հայաստան: Խմբի հետ Հայաստան էին  ժամանել նաև օպերատոր, որը նկարահանում էր  Հայաստանի տեսարժան վայրերը: Նրանք ցանկանում էին ներկայացնել աշխարհին   ոչ միայն «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախմբին, այլև Հայաստան երկիրը, քանի որ իրենց խոսքերով Ճապոնիայում շատ քիչ տեղեկություններ կան Հայաստանի մասին:

Ծրագրվում է հետագայում թողարկել ևս 3 ձայնասկավառակ՝ հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործություններով: