Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն «Outdance» սիթքոմի նոր մասնակիցներից է: Life.panorama.am-ի հետ զրույցում Աննան պատմել է «Կայարան» հեռուստասերիալից հեռանալու և նոր սիթքոմում նկարահանվելու մասին:
««Կայարան» հեռուստասերիալի ստեղծագործական և դերասանական թիմի հետ ոչ մի խնդիրներ չեմ ունեցել, նրանց հետ մինչ այսօր շարունակում եմ իմ ընկերական կապը: Իսկ այդ հեռուստասերիալից հեռանալս պայմանավորված էր նրանով, որ կերպարս սպառվեց: Իմ կարծիքով՝ ես այլևս անելիք չունեի այնտեղ, իսկ այդ պարագայում իմ կողմից սխալ կլիներ նոր հնարավորությունները բաց թողնել»,- «Կայարան»-ից հեռանալու մասին խոսելիս՝ նշեց Աննան:
Խոսելով «Outdance» սիթքոմի մասին՝ Աննա Դովլաթյանը պատմեց.
«Առաջարկը ստացա «Շանթ» հեռուստաընկերությունից, հանդիպելուց հետո հասկացանք, որ կարող ենք միասին աշխատել: Ինձ համար նորություն էր այս աշխատանքը, քանի որ սիթքոմում, կամ հումորային նախագծում երբեք չեմ նկարահանվել: Այս առումով փորձ չունեի, բայց ուրախ եմ, որ ռեժիսորի հետ խոսելիս հասկացա, որ այդ խնդիրը հեշտ հաղթահարելի է: Հիմա փորձում եմ նկարահանման հրապարակում շատ լինել, հետևել խաղընկերներիս աշխատանքին»:
Աննա Դովլաթյանը «Outdance»-ում մարմնավորում է երես առած հարուստ աղջկա, ում բնավորության հետ դերասանուհին խոստովանեց, որ չի հարմարվում.
«Կերպարս ինքնավստահ, մեծամիտ ու երես առած աղջիկ է՝ Անիտան, ով ունի շատ հարուստ հայր և միշտ թիկնապահներով է շրջապատված: Նրա հետ կապված սիթքոմում շատ ծիծաղաշարժ իրավիճակներ են լինում: Նա գալիս է պարի դպրոց, սիրահարվում է դպրոցի տղաներից մեկին, ու ամեն ինչ անում նրան հասնելու համար, բայց, հակառակի նման, տղան ուրիշին է սիրում: Իհարկե, անպատասխան սերը այս աղջկա համար ցավագին է, քանի որ իր կյանքում ինչ ցանկացել է, մշտապես ունեցել է: Մինչ նոր կերպարիս մասին կարծիքների տարածվելը, պեըք է խոստովանեմ, որ կերպարս ինձ հետ որևէ կապ չունի, ինքս չեմ սիրում նման աղջիկների, և կարծում եմ, որ շատ մարդիկ չեն սիրի հերսուհուս: Հիմա ինձ խորթ է խաղալ նման աղջկա, դրանից մի քիչ անհարմարություն եմ զգում, բայց ամեն դեպքում հասկանում եմ, որ դերասանը պետք է կարողանա յուրաքանչյուր կերպար մարմնավորել: Շատ կցանկանամ, որպեսզի մարդիկ չնույնացնեն ինձ այդ աղջկա հետ, թեև կրկնում եմ՝ կհասկանամ նրանց, ում կերպարս նյարդայնացնի»,- ժպիտով պատմեց Աննան՝ նկատելով, որ բացասական կարծիքներ դեռևս չի լսել:
Դերասանուհին նշեց, որ նոր աշխատակազմում իրեն հիանալի է զգում.
«Սիթքոմն ունի աննկարագրելի դրական ստեղծագործական և դերասանական կազմ: Իսկապես, ինձ այնքան հաճելի ու հարմարավետ է նրանց հետ աշխատելը: Թեև սիթքոմը վաղուց է գործում, և ես այնտեղ նորեկ եմ, բայց թիմի լավ վերաբերմունքի շնորհիվ ինձ խորթ չեմ զգում, որը կարևոր գործոն է դերասանի համար»,- հավելեց նա:
Ի դեպ՝ Աննա Դովլաթյանը պատմեց նաև, որ նոր նախասիրություն ունի.
«Իմ հագուստների դիզայնով վաղուց էի զբաղվում, սակայն վերջերս սկսել եմ դրանք նաև անձամբ կարել: Հիմա աշխատաում եմ այդ ուղղությամբ, որպեսզի այդ ոլորտում պրոֆեսիոնալ դառնամ: Շատ եմ կարևորում աշխատանքիս որակը, այդ իսկ պատճառով դեռևս միայն ինձ համար եմ կարում, իսկ երբ հմտանամ, կմտածեմ այդ աշխատանքս ընդլայնելու մասին»,- ավարտեց դերասանուհին: