Միանման թվերի համընկնումով օրերին պսակադրվելը վերջին տարիներին խիստ նորաձև է դարձել։ Արևմտյան իրականությունից հայկական իրականություն ներթափանցած սովորությունը տարեցտարի ավելի ու ավելի մեծ թվով հետևորդներ է ունենում։ Շատ զույգեր սպասում են մի ամբողջ տարի՝ իրենց սիրելիների հետ պսակադրվելու «գոլդ» կամ ինչպես ընդունված է ասել VIP օրերին։
Այսօր՝ 07.07.2017-ը, այդ օրերից մեկն է, և Սուրբ Սարգիս եկեղեցում, օրինակ, պսակադրվելու է միանգամից 12 զույգ։
Ինչպես Panorama.am-ի թղթակցին հայտնեցին Արարատյան հայրապետական թեմից, Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր պսակադրվել ցանկացողների թիվը զգալի մեծ է եղել, սակայն կարողացել են գրանցել միայն 12 զույգի՝ ժամանակի սղության պատճառով։
Անցած տարի՝ 06.06.2016-ին, նույն եկեղեցում պսակադրվել է 9 զույգ, իսկ ահա 05.05.2015-ին՝ 1-2 պսակադրություն է գրանցվել։ Պատճառն այն է, որ մայիս ամսին ամուսնացողներն ավանդաբար փոքր թիվ են կազմում։ Զույգերի գերակշիռ մասն ընդհանրապես խուսափում է այդ ամսին պսակադրվել։
Արարատյան հայրապետական թեմից տեղեկացրեցին, որ մեծ թվով պսակադրություններ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի են ունենում նաև Տյարնըդառաջի օրը։ Իսկ սովորական օրերին եկեղեցում գրանցվում է միջինը 4-5 պսակադրության արարողություն։