Երգիչ Արմեն Շահվերդյանն ու կինը` պարուհի Միլենա Ոսկանյանը երեկ` հուլիսի 7-ին, նշում էին ամուսնության 1-ամյակը: Երջանիկ զույգն իրենց կարևոր օրը նշել են Սևանում, իսկ մանրամասներով ու լուսանկարներով Միլենան կիսվել է Life.panorama.am-ի հետ զրույցում:
«Ես ու Արմենը որոշեցինք մեր ամուսնության 1-ամյակի կապակցությամբ գալ Սևան ու մի քանի օր հանգստանալ: Մեր տոնական օրվա կապակցությամբ ես ամուսնուս համար playstation եմ նվիրել, որից նա շատ էր ուզում ունենալ, իսկ նա մեր հանգիստն էր կազմակերպել, գեղեցիկ ընթրիք էր պատվիրել և հաշվեհամարս էր լիցքավորել»,- ժպիտով պատմեց Միլենան:
Խոսելով իրենց մեկ տարեկան ամուսնական կյանքի մասին` պարուհին նկատեց.
«Արմենի հետ միշտ շատ հեշտ է եղել: Ամուսնությունից հետո մեր հարաբերությունները էլ ավելի իդեալական են դարձել: Ամեն ինչ միշտ միասին ենք անում, մենք անընդհատ իրար հետ ենք»:
Մեր հարցին, թե ինչպիսինն է Արմենը` որպես ամուսին, և Միլենան` որպես կին, պատասխանեց.
«Արմենը մշտապես բոլորի մոտ ինձ գովում է` ասելով, որ ավելի իդեալական կին երբեք չէր կարող գտնել, ես էլ նույնը կասեմ իր մասին: Մենք և ամուսիններ ենք, և շատ լավ ընկերներ, որն ամենակարևոր հանգամանքն է ընտանիքի կայացման համար»:
Միլենան և Արմենը դեռ չեն մտածում ընտանիքի համալրման մասին.
«Երեխաների մասին կմտածենք հաջորդ տարի, ինչպես Արմենն է ասում` մի քիչ իրար վայելենք, հետո»,- ժպիտով նշեց պարուհին:
Զույգի նպատակներն այսօր ավելի շատ գործնական բնույթ ունեն.
«Ուզում ենք շատ ամուր ոտքերի վրա կանգնենք, որպեսզի հետագայում հեշտ լինի երեխաներ ունենալն ու նրանց ամեն ինչով ապահովելը»,- հավելեց Միլենան:
Իսկ վերջում պարուհին խոստովանեց, որ ինքն ու Արմենը անդադար միմյանց սեր են խոստովանում.
«Առանց սիրո խոստովանության, մենք չենք քնում: Ամեն առավոտ, երբ ես քնած եմ, Արմենն ինձ համբուրում է ու հետո նոր գնում աշխատանքի»,- ավարտեց Միլենա Ոսկանյանը: