Իտալիայի Տրիեստ քաղաքի վերաքննիչ դատարանը մեղմել է իտալացի դերասանուհի Օրնելլա Մուտիի վճիռը, որով նա 2015թ. դատապարտվել է ներկայացումը բաց թողնելու հետ կապված կեղծ բժշկական տեղեկանք ներկայացնելու համար, գրում է bbc.ru-ն:
Նշված է տուգանք՝ 500 եվրոյի չափով՝ նախնական 600 եվրոյի փոխարեն: Կրճատվել է բանտարկության ժամկետը՝ ութ ամսից՝ կես տարվա: Պայմանական ժամկետ ստանալու համար դերասանուհին պետք է տուժող կողմին վճարի 30 հազար եվրո:
Ի հավելումն տուգանքի՝ դերասանուհին պետք է Պորդենոնա թատրոնի ներկայացուցիչներին վճարի 3,6 հազար եվրո՝ որպես դատական ծախսերի հատուցում:
Մուտիին մեղադրողները պնդում էին, որ վերջինս կեղծ բժշկական վկայական է ներկայացրել 2010թ. դեկտեմբերի 10-ին ներկայացմանը բեմ դուրս չգալու համար: Ընդ որում, նրա հոնորարը կազմել է 25 հազար եվրո: Ներկայացման փոխարեն իտալական կինոյի աստղը գնացել է բարեգործական ընթրիքի Սանկտ Պետերբուրգ, որտեղ եղել են նաև նախագահ Վլադիմիր Պուտինը և ամերիկացի դերասան Քեվին Քոստները:
Տեղի ունեցածից հետո Մուտին ներողություն է խնդրել հանդիսատեսից: Նա բացատրել է, որ իր հիվանդությունը՝ լարինգոֆարինգիտ, թույլ չի տվել իրեն հանդես գալ, սակայն բարեգործական ընթրիքին ինքը կարող էր մասնակցել, քանի որ այնտեղ խոսել պետք չէր: