
Գերմանացին կստիպի «Սթեմֆորդ Բրիջին» մոռանալ Ջոն Թերրիի մասին:
«Չելսին» հայտարարեց «Ռոմայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի տրանսֆերի մասին: Գերմանացին ստորագրել է հնգամյա պայմանագիր: Նոր թիմում Ռյուդիգերը հանդես կգա երկրորդ համարի մարզաշապիկով:
«Չեմ համբերում՝ երբ պետք է հանդիպեմ նոր ակումբակիցներիս: Ես հպարտ եմ, որ դարձա «Չելսիի» ֆուտբոլիստ»,- խոստովանել է Ռյուդիգերը:
Ըստ ВВС-ի տեղեկության՝ «Չելսին» «Ռոմային» վճարել է 33 մլն եվրո:
2016-17թթ. մրցաշրջանում Ռյուդիգերը «Ռոմայի» կազմում անցկացրել է 35 խաղ:
Ամռանը 24-ամյա ֆուտբոլիստն օգնեց Գերմանիայի հավաքականին պատմության մեջ առաջին անգամ հաղթել Կոնֆեդերացիաների գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը