Աշտարակ քաղաքում, բնակելի սեփական տների կողքին գտնվում է արձակագիր Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը։ Այն հիմնադրվել է Պռոշյան համանուն փողոցում, գրողի հայրական տան հիմքի վրա։
Թանգարանը բացվել է 1948 թվականին։ Այդ տարիներին թանգարանն ունեցել է մեկ սենյակ, հետագայում` երկուսը։ Սենյակները հողաշեն լինելու պատճառով տարիների ընթացքում քանդվել են։ Այդ թանգարանի նմանությամբ, արդեն ընդլայնված տարածքում, 1990 թվականին կառուցվել է այժմ գործող տուն-թանգարանը։
Թանգարանում ներկայացված է մոտ 2000 նմուշ՝ հիմնական և օժանդակ։ Հիմնական են այն իրերը, որոնք պատկանել են գրողին, իսկ օժանդակ իրերը թանգարանին հանձնել են այլ թանգարաններ կամ արվեստագետներ։ Դրանք ամբողջացնում են գրողի ապրած ժամանակաշրջանն ու կենցաղը, թանգարանի միջավայրը։
Սրահում է փակցված Պռոշյանի շրջագայությունների սխեման։ Այն ներկայացնում է, թե գրողը որ երկիր, գյուղ կամ քաղաք է այցելել։ Դրա կողքին աշտարակցի նկարիչ Վահան Խորենյանի կտավներն են և նրա կողմից արված` Պռոշյանի դիմանկարը։ Նկարիչը դրանք թանգարանի համար է նկարել։
Պռոշյանը նաև եղել է լուսանկարիչ։ Նրա արած որոշ լուսանկարներ փակցված են թանգարանում։ Այստեղ ցուցադրված են նաև մանկավարժ Պռոշյանի` իր աշակերտներից և ուսանողներից ստացած նվերները։
Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան
Ամբողջությամբ՝ hetq.am