Տասնհինգ տարի առաջ Գրեհեմ Սմիթի աղիները վիրահատել էին, ինչից հետո հիվանդի մարմնում 20 սմ կար էր մնացել: Վիրահատությունից կարճ ժամանակ անց Սմիթը սկսել էր ուժեղ ցավեր զգալ, սակայն բողոքով հիվանդանոցին էր դիմել միայն 2011 թ., երբ թելի հատված էր նկատել, որը դուրս էր ցցված մաշկից: Այդ ժամանակ բժիշկը չի կարողացել զննել հիվանդին, որովհետև հիվանդանոցը չեղարկել է այցը:
Գրեհեմ Սմիթի վիճակը վատացել է և հիվանդը, որն այդպես էլ չէր կարողացել բժշկի մոտ հայտնվել, որոշել է ինքնուրույն հանել կարերը: Վիրահատության անցկացման համար նա մի քանի գործիք է պատրաստել` փոփոխելով ատամնաբուժական տիտանե պարագաները, որոնք նրա համար ճարել է ատամնաբույժ ընկերը: Նա ստիպված է եղել նեյլոնե թելերի վրա առաջացած շատ հանգույցներ քանդել: Այսպես` ընդամենը 8 մմ-անոց մի հատվածում նա 12 հանգույց է հաշվարկել: Այժմ Գրեհեմ Սմիթն իրեն լավ է զգում:
Էյնթրիի հիվանդանոցի ներկայացուցիչներն ասել են, որ իրենք հիվանդի հետ շփվել են, նախքան նա կորոշեր ինքնուրույն վիրահատություն կատարել և երկուշաբթի հիվանդանոցում նրա համար ընդունելություն են նշանակել: Իսկ այժմ նրանք պատրաստ են զննել տղամարդուն և անհրաժեշտության դեպքում օգնություն տրամադրել:
Վիրաբույժների թագավորական ընկերակցության մամուլի քարտուղարը հիվանդներին թախանձագին խնդրում է հրաժարվել ինքնուրույն վիրահատություններ կատարելուց: Անհրաժեշտ նախապատրաստության բացակայության դեպքում դա կարող է լուրջ բարդությունների հանգեցնել: