Life.panorama.am-ի զրուցակիցն է Լենա Ղազարյանը: Երգչուհին պատմեց, որ այս օրերին զբաղված է տարբեր համերգներով ու նոր երգով, որը բոլորովին վերջերս է գրել.
«Նոր երգ ունեմ՝ կրկին գեղեցիկ սիրո մասին: Հիմա գործիքավորման ընթացքի մեջ է, հնարավոր է, որ այն նաև տեսահոլովակ ունենա»,- նշեց երգչուհին:
Արդեն մեկ տարի է, ինչ Լենան ստեղծագործում է, իր խոսքով՝ այդ հատկությունն իր մեջ արթնացել է սիրահարվելուն զուգահեռ.
«Մեկ տարի առաջ սիրահարվեցի ու դրան զուհագեռ սկսեցի ստեղծագործել: Հիմա մուսան գալիս է և ուրախ, և տխուր պահերին, բայց հիմնականում կեսգիշերից հետո: Իհարկե, հասկանում եմ, որ մեր հարևաններին խանգարում եմ, բայց շնորհակալ եմ նրանց, որ չեն սրտնեղում և չեն բողոքում: Վստահ եմ՝ իմ աշխատանքներով ուրախանում են»,- հավելեց Լենան:
Հետաքրքրվելով, թե ինչպես է երգչուհին ամառն անցկացնում և որտե՞ղ է կազմակերպելու հանգիստը, պատասխանեց.
«Այս տարի երկրից հաստատ չեմ մեկնի, քանի որ չեմ ուզում սիրելիիցս հեռու լինել: Փոխարենը` ժամանակ առ ժամանակ ընտանիքիս, ընկերներիս, սիրելիիս ու նրա ընտանիքի հետ միասին հաճախ ենք մեր ժամանցը կազմակերպում Հայաստանի սահմաններում: Երբ ժամանակդ անցկացնում ես սիրելիներիդ հետ, վայրն այլևս կարևոր չի լինում: Ի դեպ՝ սիրում եմ խաղաղ ու առանց աղմուկի անցկացնել հանգիստս, քանի որ տարվա ընթացքում հոգնում եմ աղմուկից»:
Ամիսներ առաջ Լենա Ղազարյանը հայտնեց անակնկալ նշանադրության մասին: Հարցինլ, թե երբ է զույգը պատրաստվում ամուսնանալ, նշեց.
«Նախ պետք է ասեմ, որ չնայած բուռն քննարկումներին, մենք ճոխ նշանադրություն չենք ունեցել, պարզապես սիրելիս ինձ մատանի է նվիրել՝ ի նշան մեր սիրո: Թե երբ կամուսնանանք, անկեղծ ասեմ՝ ինքս էլ չգիտեմ: Դեռևս հստակ պլաններ չունենք, դրա համար ժամկետներ նշել կխուսափեմ»:
Լենա Ղազարյանը խոստովանեց, որ իր համար պսակադրությունը շատ կարևոր է, սակայն ճող արարողությունների սիրահար չէ.
«Ինձ համար երջանկությունը ճոխության մեջ չէ, երջանկությունը ապրում է մեր մեջ: Ես չեմ ուզում ոչինչ պլանավորել, քանի որ իմ պարագայում միշտ հակառակն է ստացվում: Դրա համար Աստծո կամոք թող լինի այն, ինչը բարի է»,- հավելեց նա:
Ի դեպ՝ Լենան պատմեց նաև սիրելիի մասին.
«Ես չեմ ուզում նրա մասին շատ խոսել, պարզապես կասեմ, որ գործարար է, շոու բիզնեսի հետ բացառապես կապ չունի, բայց սիրում է իմ աշխատանքը: Մենք երջանիկ ենք ու դա է ամենակարևորը»,- ավարտեց երգչուհին: