Գոհարի հաղորդավարական ուղին սկսվեց այն ժամանակ, երբ «3-րդ Ալիք» ստեղծագործական խումբը դպրոցներում մանկական հաղորդման համար մրցույթ հայտարարեց: Գոհարն, ով այդ ժամանակ ընդամենը 11 տարեկան էր, դարձավ «3-րդ Ալիքի» մանկական էջի հաղորդավարուհի: Նա լավ է հիշում իր առաջին հարցազրույցը՝ նվիրված հեռուստատեսության 40-ամյակին: «Շատ ուրախ եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց, քանի որ այս տարիներն ինձ հասունացրել են և հարստացրել իմ ներաշխարհը»,- ասում է նա: Գոհարի խոսքերով, ինքը հեռուստաէկրանին հայտնվելու երազանք չուներ, սակայն լրագրության և հեռուստատեսության ոլորտում իրեն պատկերացնում էր. «Առհասարակ, ժուռնալիստիկան մեր տանը շատ արծարծվող թեմա էր: Պապիկիս` վաստակավոր ժուռնալիստ Արտավազդ Գասպարյանի շնորհիվ ես այս ոլորտի մասին պատկերացում ունեի և ինքս էլ զգում էի, որ կարող եմ և ուզում եմ ուժերս փորձել այստեղ»։
Գոհարի ծնողների համար իրենց դստեր` եթերում հայտնվելն արտասովոր էր ու անհավատալի: Ֆրանսերենի մասնագետի և զինվորականի դուստրն իր աշխատասիրության շնորհիվ արագ ընտելացավ հեռուստատեսությանը. «Ծանոթով հեռուստատեսությունում հայտնվելն ինձ հետ ընդհանրապես կապ չունի, և շատ ուրախ եմ դրա համար։ Ես քայլ առ քայլ եմ բարձրացել, քայլ առ քայլ հասունացել: Երբ «3-րդ ալիքն» ավարտվեց, ես այդ ժամանակ պետք է բուհ ընդունվեի։ Այդ ընթացքում մոտ 1.5 տարի ընդմիջում եղավ։ Հետագայում «3-րդ Ալիքի» անձնակազմի միջամտությամբ հայտնվեցի Ազգային երաժշտական ալիքում»:
«Ազգային երաժշտական ալիք», ապա՝ «Նոր ալիք». այս տարիների ընթացքում Գոհարն ամենատարբեր հաղորդումներ է վարել և գրեթե միշտ՝ ուղիղ եթերում. «Օր էր լինում, որ ես 3 անգամ ուղիղ եթեր էի դուրս գալիս, «Այս առավոտ», «Այս երեկո», «Այս գիշեր»։ Շատ բուռն շրջան էր ինձ համար: Առավոտյան գնում էի հեռուստատեսություն և ուշ գիշերը վերադառնում։ Այդ ընթացքն ինձ շատ կրթեց, բացեց: Տուժեցին միայն դասերս, քանի որ այն առաջադիմությունը, որ ես ունեի առաջին կուրսում, հետագայում չկարողացա պահել՝ բացակայությունների պատճառով»: Գոհարը հաճախ է փոխում իր հաղորդումները՝ միայն այն պատճառով, որ ասելիքն արագ սպառվում է: «Այն հաղորդումը, որը սպառվել է, և որտեղ ես ասելիք չունեմ, արդեն ինձ հետաքրքիր չէ, հեռուստադիտողի համար ևս ձանձրալի կլինի: Օրինակ, եթե բոլորին ճանաչում ես, և դրանից ավելի հնարավոր չէ ներկայացնել քո երկրի ճանաչված մարդկանց և նրանց ներաշխարհը, ուրեմն` վերջ, արդեն անհետաքրքիր է։ Եթե նոր բան չկա, ավելի լավ է ոչինչ չանել»,- ասում է Գոհարը:
Ամեն ուրբաթ հաղորդման կազմակերպիչները ստանում են քվեարկության արդյունքները և ըստ դրա՝ կազմում «TOP 10»-ը: Բոլոր նրանց համար, ովքեր չեն հավատում, որ իրական քվեարկություն է լինում, Գոհարն ասում է. «Կարող եմ ասել, որ քվեարկում են երգիչների երկրպագուները, նրանց հարազատները, իրենք՝ երգիչները, այն մարդիկ, ովքեր աշխատել են այդ տեսահոլովակի վրա և ուզում են, որ այն առաջին հորիզոնականներում լինի: Իմ սուբյեկտիվ ճաշակն այնտեղ չկա, այնտեղ մեր հեռուստադիտողների մակարդակն ու ճաշակն է արտացոլված»:
Երբեմն Գոհարն իր հաղորդումների ընթացքում մեկնաբանություններ է անում այս կամ այն երգչի կամ տեսահոլովակի մասին, սակայն ոչ միշտ են լավ մեկնաբանություններ լինում: Գոհարի խոսքերով, մի քանի հոգի կան, որ «քթի մազ» են, զանգում են ու բողոքում: Սակայն դժվար է հասկանալ՝ եթե այդ բանն արել են, այդ շորը հագել կամ այդ բառն ասել, մի հասարակ մեկնաբանությունից ինչո՞ւ են նեղվում: «Ես ուզում եմ, որ իրենք դրան նայեն՝ որպես գովազդ, ուշադրություն հրավիրելու միջոց: Ովքեր ինձ ավելի լավ են ճանաչում, նրանց մասին ես կարող եմ ավելի սուր արտահայտվել, և նրանք, իհարկե, չեն նեղանում: Դրանով ինչ-որ մի կերպ այդ դատարկությունը վերածվում է ինչ-որ հետաքրքիր բանի: Շատ աշխատատար հոլովակներ կան, բայց այդքան տանջանքից հետո հասկանում ես, որ ոչինչ էլ չի ստացվել: Բոլորիս էլ հայտնի է, որ մենք օրինակ ենք վերցնում Հոլիվուդից, արտասահմանյան տեսահոլովակներից, բայց մենք տեխնիկապես և ստեղծագործական առումով շատ ենք զիջում: Այսինքն, այն, ինչ արվում է, արդեն մի քանի քայլ հետ է»:
Գոհարը դեռևս չի պատրաստվում տեսահոլովակներ նկարահանել, բայց իր նկարահանած ֆիլմը 2006թ. մասնակցել է ՎԳԻԿ-ի միջազգային կինոփառատոնին և դիպլոմ է ստացել: Հիմա Գոհարն աշխատում է հեղինակային նոր նախագծի վրա, որը լինելու է ամեն ինչի մասին, բացի քաղաքականությունից:
Գոհարին դուր չի գալիս, երբ իր հասակակիցները համալսարան գնում են բարձրակրունկ կոշիկներով և երեկոյան շորերով. «Մեր աղջիներն այսօր ծիծաղի առարկա են դառնում ճաշակով մարդկանց մոտ, արտասահմանցիների մոտ: Իհարկե, ես չէ, որ պետք է քննադատեմ (միգուցե ասեն, որ իմ ձայնը տաք տեղից է գալիս), բայց ես հասկանում եմ այն աղջիկներին, ովքեր համալսարանից կամ ինստիտուտից բացի՝ ուրիշ գնալու տեղ չունեն: Նրանց թույլատրում են իրենց ծնողները, այն «խիստ» սիրած տղաները, ովքեր հացի խանութ գնալու համար գրավոր թույլտվություն պետք է տան: Այդպիսով դասի գնալն իրենց համար ամեն ինչ է դառնում՝ և՛ շփման տեղ, և՛ ժամանցի վայր. իրենք փորձում են ամենալավ ձևով երևալ»,- ասում է նա` նկատելով, որ իր համար այսօր առաջին տեղում կրթությունն է:
Անձնական կյանքը Գոհարի համար առաջնային տեղում է, բայց դեռևս լուրջ ծրագրեր չկան: «Շտապելն էլ լավ չէ, ինձ էլ են ասում՝ մտածիր անձնականիդ մասին, բայց դա մտածելով չէ։ Ամեն ինչ կլինի ինքնաբերաբար»:
Անի Հարոյան
«3 Միլիոն»