Արդեն 1 ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ բնակվող շենքերի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մարմինների պատճառով տևական ժամանակ է ՝ նշված խաչմերուկում բացակայում են ԽՍՀՄ տարիներին եղած, սակայն հետո ինչ-որ մարդկանց կողմից հանված, երթևեկությունը կարգավորող լուսակիրները (սվետաֆորները):
Ֆոտոլրագրողի հետ զրուցում բնակինչերը ասում էին. «Ամեն Աստծու օր նշված խաչմերուկում վթարների պակաս չի զգացվում: Եղել են անգամ դեպքեր, որ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհեր ենք ունեցել և բազմաթիվ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ վթարի հիմնական պատճառներից մեկն էլ սվետաֆորների բացակայությունն է:
Մենք նրանցից ոչինչ չենք պահանջում, մեր խնդրանքն է, որպեսզի այս խաչմերուկում սվետաֆորներ տեղադրեն: Հակառակ դեպքում՝ ամեն պահի վթարն ապահովված է: Թողես վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերի ժամանակ ժիլետը հանի ու ցուցումներ տա, թե ճանապարհները պետք է լինեն անվտանգ: Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, երբ նշված խաչմերուկը կարիք ունի լուսակիրների տեղադրման: Եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի՝ ստիպված անժամկետ նստացույց ենք անելու նշված հատվածում:
Անգամ հետիոտնի համար արված գծանշումներն են հօդս ցնդել: Եթե պատասխանատու մարմինների ներկայացուցիչները բարեհաճեն 10 րոպե կանգնել նշված խաչմերուկում, կհամոզվեն, թե ինչպիսի աջափսանդալային վիճակ է տիրում, իսկ ամեն անգամ վթարներից հետո պատկան մարմիններն ասում են, թե սվետաֆորները կտեղադրվեն, սակայն ստացվում է՝ «Էշ մի սատկի, գարուն կգա՝ յոնջեն կբուսնի»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ նշված վայր ժամանեցին ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Խաչատրյանը, Երևանի ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները: Բնակիչները բարձրաստիճան ոստիկաններին հայտնեցին, որ իրենք արդեն հոգնել են Երևանի քաղաքապետարան ու Շենգավիթի թաղապետարան դիմելուց, քանի որ նրանք այս հարցում ջայլամի կեցվածք են ընդունել, ուստի իրենց հույսը՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանն է: «Խնդրում ենք մեր խնդրանքը փոխանցեք ՀՀ ոստիկանապետին, քանի որ վստահ ենք, եթե Վ. Գասպարյանը խառնվեց այս գործին, ապա խնդիրը կկարգավորվի»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակիչները, հավատալով Ճանապարհային ոստիկաններին, ժամանակավորապես բացեցին խաչմեչուկը, խաչմերուկ, որի անունը դրել են «աջափսանդալ»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի