Բրիտանական հեղինակավոր Telegraph պարբերականի զբոսաշրջային էջը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տոնի առթիվ հատուկ էջ է նվիրել երկրին` ներկայացնելով Հայաստանի մասին 25 ուշագրավ փաստերը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածը մասնակի կրճատումներոՍ :
1. Աշխարհի ամենահին գինեգործական երկիրը
Համենայն դեպս` այս մասին են պնդում հնագետները. 2011 թվականին նրանք Արենի գյուղի քարանձավում հայտնաբերել են գինու արտադրության ամենահին արտադրամասը:
2. Առաջին ժողովուրդն էր, որն ընդունել է քրիստոնեությունը
Թեպետ քրիստոնեությունը տարածվեց ներկայում գոյություն չունեցող Հայկական թագավորությունում Հիսուսի մահից անմիջապես հետո, սակայն միայն 4-րդ դարում այն ընդունվեց որպես պետական կրոն: Դա ավելի վաղ էր, քան աշխարհի որևէ այլ երկրում:
3. Երկիրն ունի շատ եկեղեցիներ
Հազարամյա վանքերից մինչև քանդվող տաճարներ` Հայաստանը լի է քրիստոնեական հավատքի վայրերով, ուստի պատահական չէ, որ այն անվանում են «եկեղեցների երկիր»: Անհնարին է առանձնացնել երկրի լավագույն տաճարը, սակայն մեր ամենասիրելիներից է 9-րդ դարի Տաթևի վանքը` մի հրաշալի կառույց աննկարագրելի գեղեցիկ բնության մեջ:
4. Շախմատը դպրոցական առարկաների շարքում է
Սա թերևս բացատրում է, թե ինչու են հայերն այդքան ուժեղ այս ոլորտում: Տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի առաջնությունում (1999), աշխարհի թիմային առաջնությունում (2011), շախմատի օլիմպիադայում (2006, 2008, 2012), իսկ կանանց հավաքականը հաղթել է Եվրոպայի առաջնությունում (2003):
5. Հայոց ցեղասպանության ժամանակ 1,5 միլիոն հայ է մահացել
1915 թվականին օսմանյան կառավարությունը կազմակերպեց 1,5 միլիոն հայերի համակարգված ոչնչացումը, որը հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն: Թուրքիան` Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ժխտում է, որ կատարվածը ցեղասպանություն է, սակայն 28 երկրի կառավարություն, ներառյալ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ճանաչում է կատարվածը որպես ցեղասպանություն:
6. Արտասահմանում բնակվում է ավելի շատ հայ, քան Հայաստանում
1915 թվականի իրադարձությունները ստիպեցին միլիոնավոր հայերի գաղթել արտասահման, որտեղ նրանք հզոր համայնքներ հիմնեցին ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում:
7. Երկրի աշխարհահռչակ անունները
Հայաստանը Շերի, Անդրե Աղասիի, Սերժ Թանկյանի, Քարդաշյանների պատմական հայրենիքն է:
8. Հայերը կարծում են գիտեն, թե որտեղ է Նոյի տապանը
Հայաստանում հավատում են, որ Նոյի տապանը Արարատ լեռան գագաթին է:
9. Երկրի ազգային խորհրդանիշը Թուրքիայում է
Ձյունածածկ Արարատ լեռը Հայաստանի ազգային խորհրդանիշն է և շատ հայերի կողմից ընդունվում է որպես սուրբ լեռ: Այն այժմ Թուրքիայի աշխարհագրական տարածքում է:
10. Այն ունի աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը
Հայաստանի մայրաքաղաք Երևանը աշխարհի հնագույն բնակեցված քաղաքներից է` ստեղծված Հռոմից 29 տարի առաջ:
11. Մայրաքաղաքը հայտնի է «Վարդագույն քաղաք» անվամբ
Երևանը վարդագույն է` այդ գույնն ունեցող հրաբխային ծագմամբ քարի պատճառով, որով կառուցվում են քաղաքի շինությունների մեծ մասը:
12. Չերչիլը սիրում էր հայկական կոնյակը
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Իոսիֆ Ստալինը բազմիցս հայկական կոնյակ է ուղարկել Ուինսթոն Չերչիլին` Բրիտանիայի վարչապետին, ում սերը կոնյակի նկատմամբ երբեք գաղտնիք չի եղել:
13. Հայկական կոնյակը օգտագործվել է Յալթայի կոնֆերանսի ժամանակ
Ղրիմում Չերչիլի, Ստալինի և Ֆրանկլին Ռուզվելտի հանդիպման ժամանակ լայնորեն օգտագործվել են հայկական կոնյակն ու գինին:
14. Հայաստանում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին
Տաթևի հայտնի ճոպանուղին գրանցված է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում որպես ամենաերկարը (5752 մ):
15. Երկիրը փաստացի պատերազմի մեջ է
Հայաստանի և հարևան Ադրբեջանի միջև հարաբերությունները երկար տարիներ լարված են, և երկրները փաստացի պատերազմի մեջ են:
16. Այստեղ կարելի է դահուկներով սահել
Դահուկային սահքի հիմնական վայրը Հայաստանում Ծաղկաձորն է:
17. Այստեղ թռչունների լայն տեսականի կա
Այս երկրում են Եվրոպայի թռչունների 530 տեսակներից 345-ը, այդ թվում` բազեներ, կարապներ ու արծիվներ:
18. Ժողովուրդը մեխի պես ամուր է
Հայաստանը Ռիոյի Օլիմպիական խաղերում շահել է մեկ ոսկե և երեք արծաթե մեդալ, որոնցից բոլորը կամ ըմբշամարտում, կամ ծանրամարտում: Այսքանով ամենն ասված է:
19. Նրանք սիրում են Շակիրային
Շատ հայեր ոգևորվել էին` լսելով, որ կոլումբացի երգչուհին Ադրբեջանում համերգի ժամանակ թարս շրջել էր իր ազգային դրոշը` վերածելով այն Հայաստանի դրոշի:
20. Երկրի հացը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում է
Ճաշի սեղանը շատ հազվադեպ կարելի է տեսնել առանց հայկական խոհանոցի հիմնաքարը համարվող հացի` լավաշի, որը 2014 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում է:
21. Այստեղ է Կովկասի ամենամեծ լիճը
Սևանա լիճն աննկարագրելի գեղեցկություն ունի` հատկապես Սևանի վանքից դիտելու ժամանակ:
22. Երկրի կանայք ամենասեքսուալն են աշխարհում
44 հազար ամերիկացի տղամարդու շրջանում անցկացված հարցման ժամանակ աշխարհի ամենասեքսուալ կանայք են ճանաչվել հայերը: Արդյունքների վրա, անշուշտ, ազդել է Քիմ Քարդաշյանը:
23. Ֆուտբոլում նրանք այնքան էլ հաջողակ չեն
24. Այստեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության երեք վայր կա
Դրանք են` Հաղպատի ու Սանահինի վանական համալիրները, Էջմիածնի տաճարն ու եկեղեցիները և Զվարթնոց հնագիտական տաճարը, ինչպես նաև Գեղարդի տաճարն ու Ազատ գետի հովիտը:
25. Այստեղ կա հուշարձան` նվիրված հայկական այբուբենին: