Անձնական երջանկությունը սարքովի չէ. Սևակ Ամրոյանը 27 տարեկան է. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Անձնական երջանկությունը սարքովի չէ. Սևակ Ամրոյանը 27 տարեկան է. life.panorama.am

Ժողովրդական երգերի կատարող Սևակ Ամրոյանն երեկ նշում էր ծննդյան 27-ամյակը: Երգիչը Life.panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ միակ տարին է, երբ նախապես չի պատրաստվել տարեդարձին.

«Օրերս ընկերներիս հետ մեկնել էինք Արցախ՝ հանգստի, որտեղից տարեդարձիս նախորդող գիշերը վերադարձա, կեսգիշերին էլ շնորհավորանքներ ստացա, բայց հոգնածության պատճառով ավանդական հավաքույթ չեղավ: Անկեղծ ասաց՝ ամեն տարի նախապես մտածել եմ, թե ինչպես եմ անցկացնելու տարեդարձս, ու սա առաջին տարին էր, որ առանձնպես պլաններ չունեի: Այս անգամ տարեդարձս անցկացրի մտերմիկ մթնոլորտում՝ ընտանիքիս անդամների ու մի քանի ընկերներիս հետ»,- պատմեց Սևակ Ամրոյանը:

27-ամյա երգիչին մեծանալը չի վախեցնում, բայց նաև ստիպում է հաշվի նստել ինքն իր հետ ու ավելի նպատակային քայլեր անել.

«Կարծում եմ, այնքան մեծ չեմ, որ վախենամ տարիքից, բայց թվերի ավելանալուն զուգահեռ, ավելի հասուն ես մոտենում յուրաքանչյուր հարցի: Ինքս փորձում եմ վայելել ինձ տրված ամեն տարիքը, ժամանակն ու ամեն ինչ անել, որպեսզի նորանոր բարձրունքներ գրավեմ»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե Սևակ Ամրոյանը չի՞ մտածում ընտանիք կազմելու մասին, պատասխանեց.

«Ընտանիք կազմելու մասին միշտ եմ մտածում, բայց, կարծում եմ, այդ ուղղությամբ հատուկ քայլեր անել պետք չէ: Դա մի բան է, որ կլինի այն պահին, երբ կանխորոշված է: Անձնական երջանկությունը սարքովի չէ, եթե հանդիպելու ես էն միակին, ում հետ պետք է ամուսնանաս, դա կլինի և տարիքն էլ բնավ կապ չունի»:

Սևակ Ամրոյանը կարճ ժամանակում ճանաչվեց ու սիրվեց թե Հայաստանում, թե Սփյուռքում: Երգիչն, իր ձեռքբերումների մասին խոելիս, մատնանշեց հենց ժողովրդի սերը:

«Ես գոհ եմ այն ամենից, ինչ ունեմ, բայց դրանք շատ մեծ չեմ համարում, քանի որ, կարծում եմ, որ դեռ շատ անելիքներ ունեմ: Որպես երգիչ՝ խոստովանում եմ, որ իմ ամենամեծ ձեռքբերումը ժողովրդի սերն է, որից մեծ երջանկություն եմ ապրում, իսկ որպես պարզապես մարդ՝ իմ ձեռքբերումներն են իմ հրաշք ընտանիքն ու լավ ընկերները: Կյանքի այս փուլում գոհ եմ իմ ձեռքբերումներից, իսկ հետագայի համար անձնական երջանկությունս կլրացնի հաջողություններիս շարքը»,- հավելեց նա:

Սևակի համար բացթողումը միայն ժամանակի կորուստն է.

«Միշտ չեմ սիրել այն մարդկանց, ովքեր անիմաստ կորցնում են իրենց ժամանակը, օրինակ, արևածաղիկի սերմ չրթելով: Ժամանակի ոչ ռացիոնալ օգտագործումն ինձ համար մեծ բացթողում է, որը երևի ինքս էլ ունեցած կլինեմ: Ժամանակը շատ թանկ է, կորցնել չի կարելի: Միշտ պետք է փորձել ժամանակդ ծառայեցնել նպատակներիդ, ու չհիասթափվել, եթե միագամից չկարողանաս հաջողության հասնել»,- շեշտեց երգիչը:

Սևակը վստահ է՝ երազանքների կատարումը Տիրոջ ձեռքերում է, բայց մարդը չպետք է տանը նստի ու ոչինչ չանի.

«Ըստ իս՝ ամեն բան կանխորշված է, և մեր յուրաքանչյուր քայլում Աստծո գործոնը կա, բայց չպետք է ոչինչ չանելով, սպասել լավ արդյունքների: Ես հավատում եմ, որ ես, եթե քայլեմ, վերևինը կօգնի, այսինքն՝ առանց իմ գործողությունների ոչինչ չի լինի: Ի վերջո կյանքում ոչ մեկին հենց այնպես ոչինչ չի տրվում»,- ընդգծեց նա:

Ի դեպ՝ Սևակ Ամրոյանի երկրպագուները երգչից նոր աշխատանքի կարող են սպասել.

«Գարնանը բավականին ակտիվ եմ աշխատել, հիմա փորձում եմ մի փոքր հանգստանալ, և ԴերՀովայի հետ աշխատել նոր նախագծի վրա, որով ամբողջությամբ նա է զբաղվում: Նոր երգի մեղեդին հին հայկական է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Հիմա աշխատում ենք, որպեսզի աշնանն արդեն այն պատրաստ լինի»,- ավարտեց երգիչը: