Վերլուծաբան Կարեն Վերանյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է իր վերլուծականը:
Նախիջևանի շուրջ ներկայում տեղի են ունենում լուրջ ռազմական, քաղաքական նշանակության գործընթացներ, որոնք շատ հաճախ արհեստականորեն չեն բարձրաձայնվում և լուսաբանվում։ Հայտնի է, որ Ադրբեջանի հետ ցամաքային կապի բացակայությունը կարևորագույն դերակատարում է ունեցել Նախիջևանի հարցում Թուրքիայի և Իրանի քաղաքական, տնտեսական ազդեցության ընդլայնման համար։ Մյուս կողմից, սակայն, հաշվի առնելով վերջին տարիներին արցախյան սահմանագծում լարվածության կայուն, որակական աճի միտումները՝ նախիջևանյան գործոնը աստիճանաբար դառնում է շահարկման առարկա տարածաշրջանային տերությունների ձեռքում, ինչից և խուսափում է Բաքուն։ Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանի մեկուսացման վտանգը կանխելու հարցում մեծ հույսեր են կապել մասնավորապես Թուրքիայի հետ, սակայն նախիջևանյան ուղղությամբ թուրքական քաղաքական, տնտեսական և ռազմական ազդեցությունը մեղմ ասած մտահոգիչ է Ալիևի համար, և այս հարցում ադրբեջանական կողմը վերջին շրջանում որոշակի հույսեր է կապում նաև Ռուսաստանի հետ։ Նախիջևանյան զարգացումները գտնվում են նաև Ռուսաստանի ուշադրության կենտրոնում, որը փորձում է Նախիջևանի հարցում թույլ չտալ, որպեսզի խախտվի տարածաշրջանային այլ երկրների ներգրավվածության համատեքստում ազդեցությունների առկա հավասարակշռությունը։
Արցախյան սահմանային լարվածության աճի համատեքստում նախիջևանյան գործոնը յուրօրինակ նշանակություն է ձեռքբերում նաև Հայաստանի համար՝ որպես հնարավորություն, որպես ազդեցության լծակ Բաքվի նկատմամբ։ Մեզ հարկավոր է առավել քան երբևէ օգտագործել նախիջևանյան հնարավորությունը երկու ուղղությամբ՝
1. Նպաստել Նախիջևանի մեկուսացմանը, որի հետ աշխատանքներ ունենք իրականացնելու թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ։
2. Նախիջևանը դե-ֆակտո դիտարկել՝ որպես արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի բաղադրիչներից մեկը։