Օրերս Բաթումիում կայացել է «Gold star» միջազգային փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացրել է «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգգին: Ավելին՝ նա մեծ հաջողություններ է գրանցել՝ գրավելով 2-րդ հորիզոնականը 12-15 տարիքային խմբի վոկալային մրցույթում, որում ընդգրկված է եղել 70 մասնակից:
Life.panorama.am-ի հետ զրույցում Իրինա Թովմասյանը հայտնեց, որ դա դստեր միակ հաջողությունը չի եղել. մրցույթի պարային հատվածում Հայաստանից մասնակցել է «SALSA» պարային խումբը ու գրավել առաջին տեղը, ի դեպ, խմբի վեց անդամներից մեկը Մեգգին է:
«Այս մրցույթն արդեն 7-րդ անգամ է կայանում: Ըստ համապատասխան կանոնների՝ պատանի երգիչները կենդանի կատարմամբ ներկայացնում են 2 երգ` մեկը սեփական երգացանկից, մյուսը` համաշխարհային հիթ։ Մեգգին կատարել է իր «Չեմ ուզում» երգը և Էլվիս Փրեսլիի «Blue Suede Shoes» հիթը: Մեծ երջանկություն ապրեցինք, երբ 70 պատանի երգիչներից Մեգգիի անունը հնչեց՝ որպես երկրորդ մրցանակակիր»,- պատմեց Իրինան ու շարունակեց.
«Ինչպես երեխաների, այնպես էլ մեզ համար այդ օրերը տոնի էին վերածվել: Մեր երջանկությունը կրկնապատկեց, երբ մրցույթի պարային բաժնում հաղթող ճանաչվեց «SALSA» խումբը: Հանդիսատեսն ու ժյուրին այնքան էին հավանել պարային համարը, որ խնդրեցին մրցանակաբաշխությունից առաջ ես մեկ անգամ ներկայացնել այն: Ի դեպ՝ շատ շնորհակալ ենք պարուսույցներ Արտյոմ Գևորգյանին և Գևորգ Դոխոլյանին»։
Իրինա Թովմասյանը նշեց նաև, որ մեծ հավանականությամբ հաջորդ տարի «Gold star» միջազգային փառատոնը կանցկացվի Հայաստանում, որին պետք է մեծ պատասխանատվությամբ պատրաստվել:
Ի դեպ՝ մեր պատվիրակությունը ոչ միայն մասնակցել է փառատոնին և հաջողություններ գրանցել, այլև՝ հասցրել վայելել ծովն ու հանգստանալ.
«Հաճելի մթնոլորտում աշխատանքն էլ է հանգստի վերածվում: Շատ ուրախ ու գունեղ օրեր ենք ունեցել: Այնպես որ, մեր ամառային հանգստի մի մասն արդեն կայացել է»,- ժպիտով հավելեց գեղեցկուհին:
Ամբողջությամբ՝ life.panorama.am