Ես մեծացել եմ մեծ ընտանիքում: Տանը միշտ խառնաշփոթ էր տիրում, և ես սովորաբար առանձնանում էի ու ինքս ինձ հետ խաղում զինվորներով կամ տիկնիկներով: Իմ մյուս խաղալիքը տուբան էր: Ես նաև շատ էի կարդում, թեև որոշակի տարիքից հետո դպրոցում սկսեցի վատ սովորել:
Մայրս դեռ փոքրուց շատ հետաքրքրասեր է եղել: Նրա ընտանիքին էր պատկանում Իլինոյս նահանգի Բենտոն քաղաքի տեղական թերթերից մեկը: Ես Բենտոնում եմ մեծացել: Մայրս միշտ ամեն ինչից հիանալի գլուխ էր հանում: Նա այն մարդկանցից է, որ կարող է ձեզ պատմել ամենավերջին բեսթսելերի ու «U2»-ի վերջին տեսահոլովակի մասին, միաժամանակ թվել Քերոլի բոլոր ստեղծագործությունները և հայտնել, թե քանի միավոր է վաստակել «Լեյքերսը» վերջին մրցախաղում: Դա ուղղակի ցնցո՛ղ է: Մայրս նաև շատ սրամիտ կին է: Իսկ հայրս լրիվ ուրիշ էր: Նա մահացել է, բայց երբ մտածում եմ նրա մասին, այսպիսին եմ հիշում` թխահեր, հմայիչ, էլեգանտ: Նա շրջակա միջավայրի պահպանության համար պայքարի ակտիվիստներից էր և բնապահպանական ամսագիր էր հրատարակում, ինչը ածխահանքերի քաղաք Բենտոնում հորս մի տեսակ մարգինալ էր դարձնում:
Իմ ամենանվիրական հիշողությունը հորս մասի՞ն: Ես փոքր տղա եմ, ֆուտբոլ եմ խաղում, իսկ հայրս անպայման կանգնած է լինում խաղադաշտի եզրին` ճերմակ վերնաշապիկով, խակի տաբատով, մոկասիններով և թավշե մաշված պիջակով: Նա միշտ էլ յուրահատուկ ոճ ուներ:
Այն ամենին, ինչ ես գիտեմ դերասանի աշխատանքի մասին, հասել եմ սեփական ուժերով: Քոլեջում ինչ-որ կուրսերի էի գնում, բայց դրանք ինձ գրեթե ոչինչ չեն տվել:
Ինձ համար ամենալավ կրթությունը դարձավ ընկերներիս հետ «Ստեփփենվոլֆ» թատրոնում աշխատելս: Մենք` քոլեջի շրջանավարտներս, հավաքվեցինք ու դերասանի գործին նայեցինք այս անկյան տակ. դա աշխատա՞նք է, թե՞ ուրիշ բան: Ինձ համար դա աշխատանք է, բայց կան մարդիկ, որոնց համար դերասանի մասնագիտությունն ամենակուլ, միապաղաղ, հոգեկան աշխարհը կործանող, խելագարության նման մի բան է, հիվանդություն, որն ախտահարում է ողջ օրգանիզմը: Իսկ ես միշտ ասել եմ.«Եթե դուք հաճույք չեք ստանում, ո՞վ է ձեզ խանգարում նորմալ գործ գտնել»:
Քաջությո՞ւն էր արդյոք «Լինել Ջոն Մալկովիչ» ֆիլմում խաղալը: Չեմ կարծում, թե դա իմ կողմից քաջություն էր: Ինձ անհանգստացնում էր մասնագիտական պարտականություններիս և անձնական կյանք ունենալու իմ իրավունքի միջև հավասարակշռություն գտնելու անհրաժեշտությունը: Սակայն մտքովս էլ չի անցել, որ այդ նախագիծն ինձնից քաջություն է պահանջում: Պարզապես գաղափարն ինձ փայլուն թվաց: Սցենարն ինձ շատ զվարճացրեց: Միայն մի բան ցնցեց` միստիկական մի բան. Չարլի Կաուֆմանն ասում է, որ ոչինչ չգիտեր այդ մասին, բայց ես իրոք այդ ժամանակ, որի մասին նա պատմում է, ապրում էի 75-րդ փողոցի այդ տանը: Եվ մի պահ ինձ սառը քրտինք պատեց:
Ես Հոլիվուդի նկատմամբ արգահատանք չունեմ: Ես Իլինոյսի փոքրիկ մի քաղաքում մեծացած հասարակ տղա եմ, ինչպե՞ս բողոքեմ, թե Հոլիվուդն իմ նկատմամբ վատ է վարվել: Ես մեծ գումարներ եմ ստանում այն բանի համար, որ աշխատում եմ մեծ վարպետների հետ, որոնց թվում են նաև իմ մտերիմ բարեկամները: Ինչ վերաբերում է հոլիվուդյան ֆիլմերին… դա արդեն այլ հարց է:
Ես ոչինչ չունեմ այն փաստի դեմ, որ ահավոր ֆիլմերը մեծ փողեր են բերում: Դժբախտությունն այն չէ, որ X ֆիլմը 300 մլն դոլար է բերել, այլ այն, որ Y ֆիլմն այդպես էլ չի նկարահանվել, իսկ Z ֆիլմը թեև նկարահանվել է և նկարահանվել է հանճարեղ ձևով, բայց այն ոչ ոք չի նայում: Հիշում եմ, թե ինչպես էի ես փորձում անցկացնել իմ «Մի հարկ վերև ապրող պարողը» ֆիլմը: Սցենարն ուղարկեցի Հոլիվուդի իմ ծանոթներին, նույն օրն ինձ մի մարդ զանգեց և ասաց.«ես ուղղակի սիրահարվել եմ այդ սցենարին: Իսկական հրաշք է: Շատ հարուստ նյութ է, չափազանց վառ, արտասովոր, անսահման հետաքրքիր…»: Մենք մի 20 րոպե զրուցեցինք, իսկ վերջում նա ասաց, որ սցենարը չի վերցնի: Նրանք համարում են, որ քաղաքականության կամ, ասենք, օտարերկրացիների մասին սցենարը ոչ մեկին չի հետաքրքրի: Եվ դրա համար նրանք ինչքան ասես պատճառ ունեն:
Ինձ ամենաշատը կատաղեցնում է այն փաստը, որ մարդիկ ահավոր վատ ճաշակ ունեն: Ես ուղղակի շշմո՛ւմ եմ:
Գրեթե ամեն ինչի հետևում կանգնած է սեքսը: Լավ, ասենք թե՝ ոչ «գրեթե ամեն ինչի», բայց արվեստի աշխարհում սեքսը շատ կարևոր դեր ունի: Եվ երբ դերասանը խաղում է, սովորաբար ինչ-որ մակարդակում առկա է էրոտիկան: Դերասանը չպետք է մի ամենահաջողված դեր ունենա: Եթե որևէ մեկն ասում է.«Օ՜, դուք հանճարեղ կխաղաք ա՛յ այս դերը, ես ուղղակի տեսնում եմ ձեզ այդ դերում», ապա դա պարզապես վերջն է: Եթե բոլորը վստահ գիտեն, թե որ դերերն են քեզ սազում, ուրեմն դու իբրև դերասան չես կայացել:
Ես արդեն մի անգամ ամուսնացած եղել եմ և պատրաստ չեմ նորից անցնելու այդ ամենի միջով: Ըստ էության՝ ի՞նչ է նշանակում «ամուսնություն կնքել»: Ինձ հատուկ թուղթ պետք չէ, ես առանց դրա էլ լավ գիտեմ, որ պետք է լինեմ սիրելի կնոջ և երեխաներիս կողքին: Եվ չեմ կարծում, թե իմ սիրելին թղթի կարիք ունի, որը հաստատում է, որ դժվար պահին ես չեմ փախչի: Որովհետև եթե դժվար պահը գա, ոչ մի տեսակ թղթի կտոր չի օգնի:
Ես ընդհանուր առմամբ այնքան էլ նման չեմ այն «խփնված տիպերին», որոնց խաղացել եմ կինոյում: Այո, ես շուտ բռնկվող եմ, կարող եմ զայրանալ, կտրուկ արտահայտություններ անել, բայց հասկացե՛ք, ես միշտ փորձել եմ զսպել այդ պոռթկումները, և դրանում ինձ օգնում է իմ հետաքրքրասիրությունը: Օրինակ բերեմ: Պատկերացնենք, որ ես մի ընկեր ունեմ՝ երիտասարդ իտալացի, համասեռամոլ: Ու տեսնում եմ, որ նրա գրիմանոց ամեն օր գալիս են 45-ին մոտ հրեա տղամարդիկ, նա այդ մարդկանց հետ ժամանակ է անցկացնում, հետո նրանց հետ գնում է ռեստորան… Իմ մեջ հետաքրքրասիրություն կարթնանա: Ես ոչ սարսափահար կլինեմ, ոչ կկատաղեմ, ոչ զզվանք կզգամ, միայն հետաքրքրասիրություն: Ես կցանկանամ ավելին իմանալ այդ մարդկանց մասին: Բարոյականության և էթիկայի կանոններն այստեղ կապ չունեն, սկզբունքները կապ չունեն, միայն և միմիայն հետաքրքրասիրություն:
Ինձ մի փոքր վախեցնում է հանրահայտ մարդկանց նկատմամբ պաշտամունքը: Ինձ սոսկալի է թվում վիրտուալ կյանքով ապրելու պահանջմունքը, որտեղ ձեր տխրությունները, ուրախություններն ու կրքերն այնքան հետաքրքիր չեն, որքան իմ զգացմունքներն ու ապրումները: Կամ, օրինակ, Ջորջ Քլունիի և Ջոնի Դեպի ապրումները:
Ֆանատների մեջ հանդիպում են ուղղակի սարսափելի մարդիկ: Մի անգամ Անգլիայում ինձ հետապնդում էր այդպիսի մեկը: Մոտենում է և ասում.«Ես Բիլլի Գիբբսն եմ, ինձ փող տվեք»: Առանց շունչ քաշելու կրկնում է: Դա սևեռուն գաղափար էր, նա անընդհատ ինձ կպչում էր, մինչև մի քանի անգամ չխփեցի նրա գլխին, որ ձայնը կտրի:
Ի դեպ, դա առաջին անգամ չէր, որ ես խփեցի մարդուն: Մի անգամ Կենտրոնական այգում ես հարձակվեցի մի մարդու վրա: Առանձնապես պատմելու բան չկա: Նա պարզապես հերթական խելագարներից մեկն էր, որոնց հնարավոր չէ հանգիստ նայել. ուզում ես կոկորդները կտրել ու աղիքները դուրս թափել:
Ես ֆանտաստիկ ֆիլմերը գերադասում եմ ռեալիստականներից: Խոշոր հաշվով ի՞նչ է իրենից ներկայացնում ռեալիստական կինոն: Տեսախցիկի առջև կանգնած են մի քանի միլիոնատեր, և փորձում են դեմքներին տանջանքի արտահայտություն տալ: Ի՞նչ ռեալիզմի մասին է խոսքը:
«3 Միլիոն»