Հայ գիտնական Արմեն Ավագյանի կենսագրությունը ներառվելու է Մարքիուսի «Ով ով է 2015» տարեգրքում։ Գիտնականը ռեկորդ է սահմանել. նրա կենսագրությունը արդեն 6-րդ տարին անընդմեջ ընդգրկվում է Մարքիուսի «Ով ով է» տարեգրքում (27-32 հրատարակություններ) և արդեն երրորդ անգամ՝ Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնի «XXI դարի 2000 նշանավոր մտավորականներ» գրքում (7-9 հրատարակություններ)։
XVIII դարից գործող Մարքիուսի «Ով ով է» հեղինակավոր հրատարակությունը, որը մեկտեղում է ավելի քան 55 հազ. առաջնորդ տղամարդկանց և կանանց կյանքի մանրամասներն ու հաջողությունները, հայ գիտնականի հեղինակած «Գլոբալ կայուն զարգացման տեսություն` հիմնված արդյունաբերական և կենսաբանական ցիկլերում միկրոջրիմուռների կիրառման վրա։ Նոր կենսաբանական համակարգի նախագծում և կառուցում» տեսությունը համարում է ակնառու ձեռքբերում։ Այն հրատարակվել է աշխարհի ամենախոշոր` «Ամազոն» հրատարակչությունում:
Նույն տեսության համար է 2011-ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտը Արմեն Ավագյանին ներառել 50 հանճարների ցուցակի մեջ ու շնորհել Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակը: Նրա կենսագրությունն ընդգրկված է նաև «Միջազգային կենսագրությունների բառարան» (Մեծ Բրիտանիա, Քեմբրիջ, 2014) գրքերում:
Արմեն Ավագյանը ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահն է, ԵՄ միջազգային համագործակցության մի շարք ծրագրերի փորձագետ, ԱՊՀ երկրների քիմիայի և նավթաքիմիայի խորհրդի փորձագետ, Ամերիկյան քիմիական ընկերության անդամ: