Աթերոսկլերոզից անոթները պաշտպանելու համար անհրաժեշտ է սնունդի մեջ կանոնավորապես խնձոր և խաղող օգտագործել: Այս մասին հայտնել են Մոնպելյեի (Ֆրանսիա) համալսարանի աշխատակիցները:
Աթերոսկլերոզի դեպքում զարկերակի ներքին պատին խոլեստերին և այլ ճարպեր են կուտակվում, իսկ պատերը կարծրանում են և առաձգականությունը կորցնում, որի հետևանքով անոթները պակաս առաձգական են դառնում, իսկ արյան հոսքը դժվարանում է:
Գիտնականների իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ մրգերը նվազեցնում են աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը: Հետազոտության շրջանակում կրծողների մի խմբին կերակրել են բարձրկալորիական սննդակարգով, որի հետևանքով զարկերակներում արագ են ձևավորվում ճարպային վահանակները և խոլեստերինի ավելի խիտ կուտակումները: Նույն ժամանակ այս խմբին կերակրել են խաղողով, խնձորով, խաղողի և խնձորի հյութով:
Կենդանիների ստուգիչ խումբն օգտագործել է սովորական կեր` առանց ճարպերի և կալորիաների ավելցուկային պարունակության: Կրծողների վերջնական զննումը ցույց է տվել, որ նրանք, որոնք հյութ են խմել և մրգեր կերել, խոլեստերինի ավելի ցածր մակարդակ են ունեցել:
Հետազոտության հեղինակներն արձանագրել են, որ օրգանիզմը սիրտ-անոթային հիվանդություններից պաշտպանելու համար անհրաժեշտ է կանոնավորապես ֆենոլներ, C վիտամին և կարոտինոիդներ պարունակող մթերքներ օգտագործել: Այս նյութերի համալիրը օրգանիզմի վրա դրական ազդեցություն է ունենում, մասնավորապես` անոթների վիճակի վրա: Դրանք ամենաշատը պարունակվում են մրգերի մեջ: Մարդկանց խորհուրդ է տրվում օրական 3 խնձոր և 3 ողկույզ խաղող ուտել:
«Խաղողը և խնձորը ֆենոլների միատեսակ պարունակություն են ունեցել, սակայն սև խաղողի հյութը 2,5 անգամ ավելի շատ է ֆենոլային միացություններ պարունակում, քան խնձորի հյութը: Սև խաղողի հյութն ամենահզոր հակաօքսիդանտն է»,- նշել են հետազոտության հեղինակները: