Գովեստի խոսքեր ստանալ նման մարդուց, անպատմելի զգացողություն է. Աննա Կարոլինան՝ Շառլ Ազնավուրի հետ հանդիպման մասին. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գովեստի խոսքեր ստանալ նման մարդուց, անպատմելի զգացողություն է. Աննա Կարոլինան՝ Շառլ Ազնավուրի հետ հանդիպման մասին. life.panorama.am

Life.panorama.am-ն առաջինն էր հայտնել, որ մարտին Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards» մրցանակաբաշխության կազմակերպիչները՝ «Anna Karolina Production»-ի ղեկավար Աննա Կարոլինան  և «Chahbazian Groupe»-ի ղեկավար Հայկ Շահբազյանը պատրաստվում են հանդիպել աշխարհահռչակ շանսյոնե Շառլ Ազնավուրի հետ: Հանդիպման նպատակը շանսոնյեին հատուկ մրցանակը՝ հայ-ֆրանսիական հավերժ եղբայրության խորհրդանշական արձանիկը փոխանցելն էր, քանի որ Շառլ Ազնավուրը հարգելի պատճառով չէր կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը:

Եվ ահա օրերս կայացել է սպասված հանդիպումը, որի մանրամասների մասին Աննա Կարոլինան պատմել է Life.panorama.am-ին:

«Դեռևս մրցանակաբաշխության կազմակերպման սկզբնական փուլում առանց քննարկման որոշվել էր, որ մեր գլխավոր հյուրը պետք է լինի Շառլ Ազնավուրը, ում պետք է շնորհեինք հայ-ֆրանսիական հավերժ եղբայրության խորհրդանշական արձանիկը, սակայն, Հարավային Ամերիկայում համերգային շրջագայության պատճառով, նա չկարողացավ մասնակցել: Ուստի մենք այն հանձնեցինք Ֆրանկ Փափազյանին, որպեսզի նա փոխանցի մեր մրցանակը: Համերգից հետո երկու օր անց նամակ ստացանք ու տեղեկացանք, որ Շառլ Ազնավուրը ուզում է հանդիպել մեզ հետ, որպեսզի մենք անձամբ նրան հանձնենք արձանիկը: Չեմ կարող նկարագրել մեր հուզմունքը, երբ ստացանք այդ հրավերը, շատ մեծ պատասխանատվություն ու պատիվ էր դա մեզ համար»,- նշեց Աննան ու խոսեց հանդիպման մանրամասների մասին.

«Պատահական չէ, որ իսկապես տաղանդավոր մարդիկ միշտ հասարակ են լինում: Շատ տպավորիչ էր, երբ Շառլն անձամբ մեզ ընդառաջ եկավ ու դիմավորեց: Հանդիպման առաջին վայրկյաններից սկսած ջերմ զրույց սկսվեց: Նա մեզ շնորհակալություն հայտնեց Եվրոպայում նման մասշտաբային հայկական նախագիծ  իրականացնելու համար, իսկ գովեստի խոսքեր ստանալ նման մարդուց, դա անպատմելի զգացողություն է: Այստեղ բոլորն էլ շատ լավ գիտեն ու հասկանում են, թե որքան դժվար է օտար երկրում նման մեծ միջոցառում կազմակերպելը, որը կապված է ոչ միայն  ֆինանսական հնարավարությունների, այլև՝ որոշակի պետական կառույցներից թույլտվության հետ»,- նշեց Աննան:

Նրա խոսքով՝ Շառլ Ազնավուրը հիմնականում խոսել է հայերեն, կատակել է, իսկ վերջում բաժանվել են՝ կրկին հանդիպելու ակնկալիքով. Ըստ նախատեսածի՝ առաջիկա ամիսներին Շառլ Ազնավուրը ևս մեկ հանդիպում կունենա երիտասարդ կազմակերպիչների հետ, որն ավելի գործնական բնույթ կկրի:

Ի դեպ՝ հանդիպման ընթացքում Աննա Կարոլինան և Հայկ Շահբազյանը խորհրդանշական արձանիկից զատ Շառլ Ազնավուրին են փոխանցել նաև «DE LAUR» ընկերության պատրաստած մատանին, որի վրա պատկերված է հայկական խորհրդանիշներ անմոռուկը, նուռը, խաղողը, Սիսն ու Մասիսը և խաչը: Աշխարհահռչակ երգիչը խոստովանել է, որ երբեք մատանիներ չի կրել, բայց այդ մեկը կկրի:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր