Հուլիսի 31-ից «Արմենիա պրեմիումի» եթերում կմեկնարկի «Դեպի երազանք» բազմասերիանոց ֆիլմը, որի գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Կարեն Ասլանյանը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Կարենը պատմել է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի և ռեժիսոր Կարեն Ամյանի հետ աշխատանքի ու իր նոր կերպարի մասին:
«Այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացա, երբ դեռ խաղում էի «Առաջնորդները» հեռուստասերիալում: Ինձ հրավիրեցին քասթինգի, ես էլ սիրով համաձայնեցի, քանի որ գիտեի, թե ինչ ֆիլմ է լինելու: Քասթինգը հաջող անցավ, Մենչն ու ռեժիսոր Կարեն Ամյանը իրենց հավանությունը տվեցին ու ես ընտրվեցի՝ որպես գլխավոր հերոս»,- պատմեց Կարենն ու շարունակեց.
«Սկզբում ինձ համար շատ բարդ էր, քանի որ «Առաջնորդներին» զուգահեռ էին ընթանում նկարահանումները: Այսինքն՝ մի դեպքում ես խաղում էի Արամիկին, ով երես առած տղա էր, մյուս դեպքում մարմնավորում էի շատ զուսպ ու նպատակասլաց տղայի: Նկարահանումները կարող էին անգամ մեկ օրվա ընթացքում լինել, հետևաբար պետք էր կարողանալ մի կերպարից դուրս գալ ու համոզիչ կերպով խաղալ մյուսը: Գրաֆիկը ծանր էր, բայց ուրախությամբ եմ այսօր ասում, որ ես կարողացա հաղթահարել՝ շնորհիվ մեր պրոդյուսերի և ռեժիսորի խորհուրդների, իսկ արդյունքի մասին թող դատի հեռուստադիտողը: Ի դեպ՝ պետք է խոստովանեմ, որ երկարաշունչ հեռուստասերիալներում ավելի հեշտ է խաղալը, այնտեղ դու կարող ես օրինակ 100-րդ սերիայում սխալ խաղալ և 135-ում հետ համոզել հեռուստադիտողին, իսկ կարճ սերիալներում կամ գեղարվեստական ֆիլմում դրա հնարավորությունը չկա, ամեն սխալ բացահայտ երևալու է, հեռուստադիտողն էլ դրա մասին չի մոռանա»:
Խոսելով իր հերոսի մասին՝ Կարեն Ասլանյանը նշեց.
«Նախ պետք է ասեմ, որ ֆիլմում իրադարձությունները բավականին արագ են զարգանում: Հեռուստադիտողը չի ձանձրանալու, քանի որ ինտրիգները բավականին շատ են լինելու: Սցենարը կառուցված է սիրո և երազանքի վրա, չկան կրիմինալ երևույթներ, այստեղ չենք տեսնի սպանություններ, միլիոններ կամ նման այլ տեսարաններ: Ֆիլմը սիրո, հավատարմության, ջերմության ու հոգատարության մասին է: Ֆիլմը հիմնված է Քրիստինա Եղոյանի հերոսուհու երազանքի վրա. Նա ուզում է երգչուհի դառնալ, բայց այդ ճանապարհին շատ դժվարությունների միջով է անցնում: Այդ ամենի մեջ նրան հավատում է մեկը՝ իմ հերոսը, ով լինելով մեծ հնարավորությունների տեր, չի օգտագործում նրան, փոխարենը՝ անկեղծ նվիրվելով ու առաջին հայացքից սիրելով օգնում է հասնել երազանքին: Իմ հերոսը՝ Արմանը, հորդորում է չկոտրվել, չհուսահատվել ու չհիասթափվել: Կերպարս ավելի քան իդեալական է, որն իր համառ ու կայուն տեսակով կարող է օրինակ լինել շատերի համար»:
Խոսելով պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ համատեղ աշխատանքի մասին՝ Կարենը նկատեց.
«Պետք է նշեմ, որ ողջ նկարահանումների ընթացքում ես չեմ զգացել, որ սա Մենչի՝ առաջին դրամատիկ սյուժեով նախագիծն է: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, յուրաքանչյուր դետալի մոտեցել էին չափից շատ պրոֆեսիոնալ կերպով: Ի դեպ՝ բավականին հետաքրքիր էր աշխատել ռեժիսոր Կարեն Ամյանի հետ, ով ինձ համար, որպես ռեժիսոր բացահայտում էր. նա աներևակայելի լավ էր աշխատում դերասանի հետ: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա իրենց գործում պրոֆեսիոնալ պրոդյուսերի և ռեժիսորի հետ համագործակցել»:
Կարենը Քրիստինա Եղոյանին ճանաչել է ուսանողական տարիներից, սակայն նրա հետ առաջին անգամն է մեկ նկարահանման հրապարակում հայտնվել: Նրա խոսքով՝ Քրիստինան խելացի ու տաղանդավոր դերասանուհի է, ում հետ աշխատանքը անցել է հարթ ու առանց խոչընդոտների:
«Շատ հաճելի էր խաղալ Քրիստինայի հետ: Մենք կես խոսքից իրար հասկանում էինք: Նա տաղանդավոր աղջիկ է, ով իր գործը լավ գիտի: Հուսանք՝ հեռուստադիտողը կհավանի այն, ինչ իրականացրել ենք իրենց համար»,- հավելեց նա:
«Դեպի երազանք» 25 մասանի ֆիլմի նկարահանումները արդեն ավարտին են մոտենում, ֆիլմը սկզբում կցուցադրվի «Արմենիա պրեմիումի», իսկ որոշ ժամանակ անց՝ նաև «Արմենիա TV»-ի եթերում: