Ծագումով Տանզանիայից երգչուհի Դաթին ներկայանում է հիմնականում փոփ և RnB ոճերում։ Երգչուհին հայտնի է հատկապես իր «Can Do» սինգլով, որն անընդհատ պտտվում է աֆրիկյան ռադիոկայաններում և հեռուստաեթերներում։ Դաթին ծնվել է 1992թ. մայիսի 14-ին՝ Արևելյան Աֆրիկայի Տանզանիա պետությունում։ Նա որոշ ժամանակով տեղափոխվում է Ստոկհոլմ, սակայն Ջամայկայում երաժշտական պայմանագիր կնքելուց հետո ապրում և իր երաժշտական կարիերան ծավալում է այնտեղ։ «168 Ժամի» հետ զրույցում երգչուհին պատմել է իր առաջին քայլերի, նպատակների և նոր նախագծերի մասին.
– Դաթի, ո՞ր տարիքից հասկացաք, որ պետք է երգով զբաղվեք, և ե՞րբ սկսվեց երգչուհու Ձեր կարիերան։
– Ես միշտ գիտեի, որ պետք է զբաղվեի երաժշտությամբ. դա ներքուստ զգում էի։ Ինչ հիշում եմ՝ այդ դրայվն ու կիրքն իմ մեջ են։ 19 տարեկան էի, երբ սկսեցի զբաղվել պրոֆեսիոնալ երաժշտությամբ։ Ես այդ ժամանակ ապրում էի Ջամայկայում և վերջապես որոշեցի սլանալ դեպի ապագա և իմ առջև դրված երազանքները։
– Դուք նաև պարի ուսուցչուհի եք եղել. կարևո՞ր է, որ երգչուհին նաև պարելու ընդունակություններ ունենա, դա օգնո՞ւմ է ավելի մեծ լսարան գրավել։
– Այո, ես մի ժամանակ պարուսույց եմ եղել։ Չեմ կարծում, որ դա այդքան էական կամ պարտադիր է։ Դա կախված է նրանից, թե ինչ երաժշտությամբ ես զբաղվում։ Բայց իմ ոճի և ինձ համար, հավանաբար, այո։ Ես սիրում եմ ամբողջական շոուներ՝ ներկայացումներով։ Հրաշալի է ունենալ պարողներ, բայց ես ուզում եմ արտիստին շոուի մեջ անմիջապես ներգրավված տեսնել, ուստի ես ընտրել եմ պարելու և երգելու ուղին։
– Համաշխարհային ճանաչման ձգտո՞ւմ եք, և ի՞նչն է խանգարում Ձեզ այդ ճանապարհին։
– Իրական արտիստի համար փառքը, սովորաբար, նպատակ չէ։ Այսօր դու կարող ես շատ բաներով հայտնի լինել։ Բայց որպես արտիստ՝ կցանկանայիր աշխարհում ճանաչվել քո արվեստով և աշխատանքով, և այնպես անել, որ մարդիկ գնահատեն քո արվեստն այնպես, ինչպես դու ես այն գնահատում։ Կարծում եմ՝ հիմնական խոչընդոտը ժամանակն է։ Ամեն ինչ ունի իր ժամանակը և տեղը, և ես հավատում եմ, որ բարձր տեղ ունեմ այդ ինդուստրիայում։
– Ըստ Ձեզ՝ ի՞նչ է հարկավոր մեծ լսարան գրավելու և, միևնույն ժամանակ, արագ չմոռացվող արտիստ լինելու համար։
– Կարծում եմ՝ առաջինը պետք է սովորել այն ամենը, ինչ անում ես կամ ուզում ես անել, և դա լավ անել։ Երկրորդ՝ իմանալ քո շուկան և հասկանալ, թե ինչ է ուզում հանդիսատեսը։ Երրորդ՝ սիրել այն ամենը, ինչ անում ես, հետո դու կկատարես ամբողջ աշխատանքը. սկսած ձայնագրություններից, երգի ստեղծումից, ներկայացումից՝ մինչև հարցազրույց, խանդավառությամբ կանես քո աշխատանքը, և հանդիսատեսը կզգա քո էմոցիաներն ու կապրի դա քեզ հետ։
– Երաժշտական կրթություն ունենալը որքանո՞վ է կարևոր երգչի համար, և ինքներդ ստացե՞լ եք երաժշտական կրթություն։ Թե՞ երգիչը կարող է բնական տաղանդ ունենալ, և դա բավարար է։
– Միանշանակ կարևոր է։ Ըստ իս՝ դու պետք է խառնես երկու բաղադրիչ այն ամենում, ինչ ուզում ես անել կյանքում. առաջին՝ ցանկությունը, երկրորդ՝ կրթությունը։ Մեկն առանց մյուսի, շատ ժամանակ, չեն կարող գոյատևել։ Ես գնացել եմ վոկալի դասերի և կշարունակեմ ուսումնասիրել վոկալ, երաժշտական գործիքներ, բեմադրություն, գործունեություն և այլն։ Կրթությունը կարևոր է։
– Երաժշտական տարբեր մրցույթներին ինչպե՞ս եք վերաբերվում։ Դրանք օգնո՞ւմ են սկսնակ երգիչներին հայտնի դառնալ և մեծ լսարան ձեռք բերել, թե՞ դրանք փառքի ժամանակավոր հաճույք են պարգևում, իսկ հետո տվյալ արտիստը մոռացվում է։ Դուք ինքներդ սիրո՞ւմ եք երաժշտական մրցույթների մասնակցել։
– Միանշանակ կարծում եմ, որ դրանք մեկ անգամով են օգնում մեծացնել հանդիսատեսի շրջանակը։ Չեմ կարծում, որ մեկ մրցույթը բավարար է ճանաչվելու համար։ Գիծը ձևավորելու համար հարկավոր է կետերը միացնել։ Բացի մրցույթներից՝ դու պետք է համոզվես, որ քո երաժշտությունը տեղ է հասնում, և քեզ հրավիրում են հարցազրույցների, այլ ներկայացումների, և այլն։ Բայց ես կարծում եմ, որ մրցույթները հրաշալի հարթակ են արտիստի համար։ Յուրաքանչյուր արտիստի համար պատիվ է մասնակցել մրցույթների։
– Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում։
– Առաջիկա պլաններում Աֆրիկայում շատ լինելն է՝ այս տարի թողարկելով նոր երգեր ու տեսահոլովակներ, ունենալ պրես-տուրեր և մեծացնել մեր բրենդը։ Մենք նոր ենք թողարկել Tida Records-ը, ուստի՝ մեր ամբողջ երաժշտությունը թողարկվելու է դրանով։ Այս տարի իմ բրենդն ապրում է հետաքրքիր ժամանակաշրջան, և մենք անհամբեր սպասում ենք մեր հանդիսատեսի շրջանակը մեծացնելուն, օրինակ՝ Հայաստանում, ինչպես և հիմա անում ենք (ժպտում է.- Ռ.Մ.)։
Ռազմիկ Մարտիրոսյան