Ազատ ոճի ըմբշամարտի 2013 թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը վերսկսել է մարզումները: Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերից հետո ըմբիշը որոշակի դադար էր վերցրել:
Սաֆարյանն այժմ Հայաստանում է: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա ասել է, որ հոգեբանորեն արդեն վերականգնվել է և հիմա աշխատում է լավ մարզավիճակ ձեռք բերել.
«Ռիոյից հետո որոշեցի հանգստանալ, վնասվածքներ ունեի: Բացի այդ ցանկանում էի գորգից մի որոշ ժամանակ հեռու մնալ, բավական քաշ էի կորցրել: Արդեն մի քանի ամիս է մարզվում եմ Ռուսաստանում:
Առաջիկայում մրցաշարերի չեմ մասնակցի, պարզապես լավ մարզավիճակ ձեռք կբերեմ: 2018 թվականի հունվարից հետո ըմբշամարտի կանոններում փոփոխություններ են լինելու, նաև հնարավոր է քաշային կարգերը փոխվեն: Այնպես որ, չեմ շտապում: Ցանկացած պահի կարող եմ վերադառնալ մեծ սպորտ»,- նշել է Դավիթ Սաֆարյանը:
Դավիթը տեղեկացրել է, որ միշտ կապի մեջ է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ: Հնարավոր է` հավաքների ընթացքում միանա ընդհանուր թիմին: Սակայն, հստակ ժամանակ չկա: