Հուլիսի 7-11-ը Ֆրանսիայում կայացել է աշխարհահռչակ Pierre Cardin բրենդի «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության, նորաձևության և տաղանդի հեղինակավոր մրցույթը, որտեղ հաղթողի տիտղոսին արժանացել է մեր երկրի ներկայացուցիչ երգչուհի Դալիթան՝ ստանալով Գրան Պրիի և դառնալով «Պատանի Միսս Տիեզերք 2017» տիտղոսակիր:
Life.panorama.am-ի հետ զրույցում Դալիթան պատմել է մրցույթի մանրամասների և զգացողությունների մասին:
«Երբ այս տարվա մայիսին մասնակցեցի Մալթայում կայացած European Beauty 2017 («Եվրոպայի գեղեցկուհի») մրցույթում և հաղթեցի, ինձ հրավիրեցին մասնակցել Pierre Cardin բրենդի «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության, նորաձևության և տաղանդի մրցույթին: Իհարկե, ուրախությամբ, բայց նաև մեծ պատասխանատվությամբ մասնակցեցի՝ հույսով, որ կկարողանամ հաղթանակս կրկնել, և փաստորեն, այն ստացվեց ինձ մոտ»,- նշեց Դալիթան՝ հավելելով, որ շնորհակալ է դիզայներ Ֆաինա Հարությունյանին՝ իր համար գեղեցիկ ու յուրօրինակ զգեստ ստեղծելու համար: Ի դեպ, Ֆաինան արժանացել է շնորհակալագրի՝ որպես հայ դիզայներ, որն իր մասնակցությունն ու աջակցությունն է ունեցել մրցույթին:
Դալիթայի խոսքով՝ Pierre Cardin բրենդի «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության, նորաձևության և տաղանդի հեղինակավոր մրցույթին մասնակցել են աշխարհի 15 երկրներից՝ Ռուասատանի տարբեր քաղաքներից՝ Մոսկվայից, Նովոսիբիրսկից, Նիժնի Նովգորոդից, Սանկտ Պետերբուրգից, մասնակիցներ եղել են նաև Հնդկաստանից, Ղազախստանից, Իսրայելից, Թաթարստանից և Ադրբեջանից:
«Շատ ուրախ ու բարձր տրմադրությամբ եմ վերադարձել, այս մրցույթն ինձ ոչ միայն հաղթանակ, այլև՝ անմոռանալի հուշեր տվեց, քանի որ մասնակիցների միջև իսկապես ընկերական ու լավ մթնոլորտ էր տիրում: Անբացատրելի զգացողություններ ունեմ, հպարտ եմ, որ ևս մեկ անգամ կարողացել եմ Հայաստանը պատվով ներկայացնել միջազգային մրցույթում»,- նշեց Դալիթան:
Հավելենք, որ շուտով Դալիթան կմեկնի Շվեյցարիա, որտեղ Հայաստանը ներկայացնելու է Star Voices մրցույթում:
Ամբողջությամբ՝ Life.panorama.am